Մատչելիության հղումներ

Երևանի կոշտ հռետորաբանությունը միայն կխորացներ լարվածությունը, վստահ է քաղաքագետը. Արցախում այլ կարծիքի են


Մեկօրյա լռությունից հետո Երևանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հեգնական ու սպառնալից հայտարարություններին՝ դիմելով Մինսկի խմբին։

Հայաստանը կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանն և Մինսկի խմբի համանախագահող երկրներին գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը: Այս մասին խոսել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում։ Նա ավելացրել է, որ ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը չի կարող «լուծել» որևէ հակամարտություն, և ադրբեջանական կողմից ուժի կիրառումը՝ որպես հակամարտության կարգավորման լեգիտիմ գործիքի ներկայացում, վտանգում է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգությունը և վարկաբեկում ԵԱՀԿ-ն:

Հունվարի 12-ին ծավալուն ասուլիսում Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն կշարունակի «խափանել ղարաբաղյան հարցով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։ Ինչպես նաև նշել է, որ Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Հայաստանում բանակաշինությանը և սպառնալիքները կվերացնեն անգամ Հայաստանի տարածքի ներսում։

Բաքվից հնչող այս սպառնալիքներին դեսպան Պապիկյանը չի անդրադարձել, սակայն կոչ է արել ԵԱՀԿ լեհական նախագահությանը ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը և ուղերձ հղել Ադրբեջանին, որ ուժի շարունակական կիրառումը չի կարող հանդուրժվել ։

Իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել նաև Արցախի արտգործնախարարությունը։ Նկատելով, որ Ալիևը կրկին օգտագործել է «հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար, գաղափարներ և ծրագրեր», Արտգործնախարարությունը կարծիք է հայտնել, որ «Ալիևը նպատակ ունի տորպեդահարել խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժել գոյություն ունեցող ձևաչափերը»։

Հայաստանում Մինսկի խումբը համանախագահող 3 երկրների դեսպանատներից արձագանքներ խնդրեցինք Ալևի հայտարարությունների մասին։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանատներից խոստացան պատասխանել մեր գրավոր հարցումներին, Ֆրանսիայի դեսպանատնից հորդորեցին հետևել երկրի արտգործնախարարության կայքին, որը սակայն չի արձագանքել Մինսկի խմբի մասին Ալիևի հայտարարություններին։

Ֆրանսիայից առայժմ միակ արձագանքը Եվրախորհրդարանի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազույի կողմից է։ Վերջինս Թվիթերում կիսվել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի գրառմամբ և կոչ արել դեսպանին հարգել այն երկիրը, որտեղ պատիվ ունի ծառայելու։ «Ֆրանսիան համանախագահում է Մինսկի խումբը, և դուք ձևացնում եք, թե մերժում եք այն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, և հրադադարն էլ չի պահպանվում», - գրել է նա, իսկ Ադրբեջանի դեսպանը կիսվել էր Ալևի հայտարարությամբ, թե թույլ չեն տալու Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան հակամարտությամբ։

Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը նկատում է, որ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը խմբի շրջանում կամ դրանից դուրս այսպես թե այնպես ակտիվ զբաղվում է ղարաբաղյան հարցով, իսկ արևմտյան երկրները եթե շարունակեն հետաքրքրված լինեն զբաղվելու Ղարաբաղի հարցով, ապա Ալիևի հայտարարությունները որևէ կերպ չեն ազդի նրանց որոշումների վրա։

«Եթե իրենք շահերը, կոնկրետ Միացյալ Նահանգներիև Ֆրանսիայի շահերը համադրելի լինեն Մինսկի խմբի համանախագահության բովանդակային ... հետ, ապա այն կլինի, եթե չէ, չէ», - ասաց նա։

Ինչո՞ւ է Հայաստանը որդեգրել Ալիևին չարձագանքելու կամ պասիվ արձագանքելու քաղաքականություն, Քոչինյանի կարծիքով՝ Երևանի կողմից կոշտ հռետորաբանությամբ Ալիևին արձագանքելը միայն կխորացներ լարվածությունը. «Կոշտ Հայաստանի արձագանքը Ադրբեջանի հայտարարություններին կլիներ, ըստ իս, ինքնանպատակ, ինչու ոչ կառաջացներ լարման շարունակականության հնարավորություն, ինչը չի ելնում Հայաստանի շահերից»։

Այնպես չեն կարծում Արցախի խորհրդարանում։ Ստեփանակերտի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, դատապարտել Մինսկի խմբի մասին Ալևի քամահրական հայտարարությունը, միևնույն ժամանակ մեղադրել Հայաստանի ղեկավարությանը Ալիևին համարժեք չարձագանքելու համար, ինչը, ըստ նրանց՝ «սխալ ազդանշան է դարձել հարևան երկրի ղեկավարի համար, որը հիմա էլ հավակնում է սահմանափակել Մինսկի խմբի գործունեությունը»։

Քաղաքական մեկնաբան Քոչինյանի խոսքով՝ խորհրդարանի պատգամավորները չունեն իրական իշխանություն և դրանից բխող պատասխանատվություն, ինչի պատճառով էլ նման հայտարարությամբ են հանդես գալիս. «Ով ապահովում է Արցախի անվտանգությունը, նա էլ Արցախի քաղաքական կարգավիճակի և Արցախի քաղաքական ապագայի բանալիներին է տիրապետում։ Հիմա ոչ Արցախի իշխանություններն են ապահովում Արցախի անվտանգությունը, ոչ էլ Հայաստանի իշխանությունները, այնպես որ առանց պատասխանատվություն կրելու հայտարարություններ անելը պոպուլիստական քայլ է, բայց դա որևէ կերպ չի նպաստում ոչ կոնֆլիկտի լուծմանը, ոչ էլ հարցի կարգավորմանը»։


XS
SM
MD
LG