Մատչելիության հղումներ

Անձնագրով իտալացի, հոգով գյումրեցի Մոնտալտոն Գյումրիում խեցեգործության մեծ ներուժ տեսնում


Անձնագրով իտալացի, հոգով գյումրեցի. իրեն այսպես է բնութագրում Անտոնիո Մոնտատոն։ Նա տարիներ առաջ վաճառեց Պալերմոյի իր բնակարանը ու տեղափոխվեց Գյումրի։ Իտալիայի պատվո հյուպատոսը, պահպանելով ոճն ու ներքին հարդարանքը, վերանորոգեց Գյումրիի կենտրոնում գնած 18-րդ դարի տունը ու այն ոչ միայն իր կացարանը դարձրեց, այլ նաև բիզնեսի վերածեց։

Վերանորոգված տան մի հատվածում «Վիլլա Կարս» անվանումով հյուրատունն է բացել, որտեղ ևս պահպանել է գյումրեցի վարպետներից ու տան տերերից ստացած ժառանգությունը։

«Սա նախաբոլշևիկյան հեղափոխության շրջանի տուն է, փորձել ենք վերականգնել ինչ կար` պահպանելով հայկականը։ Շենքի ճակատային մասը ամենագեղեցիկն է։ 150 տարվա է այս հատակը, մշակվել է, քարե կամարները բացել ենք, փակված են եղել: Կարևորը, որ տան մեջ ես ինձ լավ եմ զգում: Երբ տունը ունի հուշարձանային արժեք, դու պետք է հարգես դա ու կարողանաս պահպանել։ Դա յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է և չպետք է դավաճանենք դրան: Բոլորս պետք է փորձենք պահպանել Գյումրիի գեղեցիկ շենքերը, որովհետև հենց դրանից է կախված Գյումրիի ապագան», - նշել է Իտալիայի պատվո հյուպատոսը։

88-ի ավերիչ երկրաշարժի հաջորդ տարին Մոնտալտոն իր մասնագիտական՝ բժշկի առաքելությամբ էր Հայաստանում, 15 տարի Հայաստանի ու Արցախի բուժհաստատություններում իր փորձով կիսվեց հայ բժիշկների հետ: 2001-ին Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատս նշանակվեց ու այլևս չհեռացավ քաղաքից: Գյումրիի կոլորիտի, ճարտարապետության, պատմական շենքերի կողքին 70-ամյա իտալացին գյումրեցու հնարավորություններն է կարևորում:

«Գյումրին մեծ հնարավորությունների քաղաք է՝ մեծ պոտենցիալով: Պետք է կարողանանք քաղաքի բոլոր բաղադրիչները ներգրավել քաղաքի իրական պահպանությանը, որպեսզի ցանկացած բնակիչ իրեն զգա քաղաքի պահպանման ու զարգացման հերոս: Մեր ամենամեծ երազանքը պիտի լինի Գյումրին այնպիսին դարձնելը, որ ցանկացած մարդ կամ այստեղից հեռացած մարդ նորից իրեն վերագտնի, որ Գյումրին իրենը համարի, ցանկանա գալ, մնալ ու ապրել այստեղ», - ընդգծել է նա:

Մոնտալտոն մի քանի տարի առաջ նաև Family Care foundation Armenianan Ceramics հիմնադրամը բացեց, որի դպրոց-արհեստանոցում արտադրած ցուցանմուշները արդեն ներկայացվում են եվրոպական մի քանի քաղաքներում: Դպրոց-արհեստանոցի մասին խոսելիս Մոնտալտոն հուզվում է. «Երբ ես տեսնում եմ Փարիզի կենտրոնական փողոցներում ցուցասրահի վրա Գյումրիում արտադրված կերամիկան, շատ եմ հուզվում»։

Մոնտալտոյի հիմնած արհեստանոցում վերականգնում են Թուրքիայի Քյութահյա քաղաքի հայ անվանի արհեստավորների ստեղծած նմուշները, որ մոռացության էին մատնվել ու ոչնչացվել. «Քյութահյան հենց այն վայրն էր, որտեղ հայերը սկսել են զբաղվել կերամիկայի արտադրությամբ: Մի քանի հայտնի ընտանիքներ են եղել: Քյութահյայում Կոմիտասն է ծնվել.... Եվ գիտեք պատմական այդ շրջանում կերամիկայի վարպետ այդ մի քանի ընտանիքները տեղափոխվել են Երուսաղեմ։ Հիմա մենք մեծ խոնարհությամբ փորձում ենք կյանք տալ նրանց թողած ավանդույթներին։ Իմ երազանքների երազանքն է, որ Հայաստանում հայկական խեցեգործության թանգարան հիմնվի»:

Մհեր Հովհաննիսյանը գեղանկարիչ է, հինգ տարի առաջ նախ կերամիկայի դպրոց - արհեստանոցում սովորեց, հետո սկսեց այնտեղ աշխատել։ Հպարտ է, որ կարողանում է վերականգնել Քյութահյայի հայ վարպետների մանրանկարչության օրինակները: Երբեմն նույնիսկ համարձակվում է կատարելագործել նրանց նախշերը։

«70-80 տոկոսը նախշերի հին Քյութահյայի վարպետների նախշեր նորովի ներկայացումն է, սինյոր Անտոնիոյի գաղափարն է, մենք շատ կսիրենք էդ նախշերը Քյութահյաի էդ նախշերի մեռնելուց, վերացումից փրկելու, թուրքացումից փրկելու տարբերակ է, շատ սիրուն նախշեր են», - ասաց Հովհաննիսյանը:

Գյումրիում արտադրված կերամիկան դրսում ներկայացնելուն օգնում են սփյուռքի հայերն իրենց կազմակերպություններով։ Մոնտալտոն կարծում է՝ այստեղ միջազգային չափանիշներին համապատասխան կերամիկական արտադրանք թողարկելու ներուժ կա։ Ասում է՝ այս հարցում մասնավորի ու պետական կառույցների համատեղ աշխատանքը կարող է ավելի մեծ արդյունք տալ։

«Եթե մեր Family Care foundation Armenianan Ceramics հիմնադրամի ու Մուսկարիի նման փոքր կազմակերպությունների համագործակցության արդյունքում կարողանում ենք Փարիզի կենտրոնում, Լիոնի կենտրոնում ունենալ «Գյումրիի կերամիկա» գրությամբ արտադրանք, ապա ինչեր կարող ենք անել մասնավոր ու պետական կառույցների համագործակցության արդյունքում, որովհետև պետական ինստիտուտներն են կրում պատասխանատվությունը», - նշեց նա:

Գյումրեցի իտալացին նախատեսում է այս տարի ընդլայնել արտադրությունը, նաև «Փարաջանով» ու «Գյուրջիև» անվանումներով կերամիկայի ցուցասրահներ բացել։ Շուտով նաև սահմանամերձ Սյունիքում կհիմնվի կերամիկայի դպրոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG