Վերածնունդը պետական քաղաքականություն է, և 2022-ի նշանաբանը հենց Վերածնունդը պիտի լինի, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծնունդի տոների առթիվ շնորհավորական ուղերձում։
«Տարեմուտի այս րոպեներին մեր մտքերն ու սրտերն առաջին հերթին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների հետ են:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները:
Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետև 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը և հայրանունը: Միևնույն անունը, ազգանունը, հայրանունը:
Խորախորհուրդ մի հայտնություն է սա, կյանքի հաղթանակ, առասպելաբանության մարմնավորում. ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2020 թվականին, վերածնվել է 2021 թվականին:
Ես ուզում եմ նախ գլուխ խոնարհել այն հայրերի ու մայրերի առաջ, ովքեր կայացրել են այսպիսի որոշում, որովհետև նրանք ոչ միայն իրենց ընտանիքին, այլև մեր հայրենիքին ապրելու, հուսահատությունը հաղթահարելու, ապագային հավատալու և հանուն ապագայի ապրելու նոր լիցք են տալիս», - ասաց վարչապետը՝ հայտնելով, որ «հենց այս ընթացքով քաջալերված և բազմաթիվ ընտանիքների ցանկությունը հաշվի առնելով կառավարությունը 2022 թվականի հունվարից զոհվածների ընտանիքներում վերարտադրողական առողջության վերականգնման պետական ծրագիր է սկսում»: «Իսկ բոլոր այն դեպքերում, երբ վերարտադրողական առողջությունը հնարավոր չի լինի լիարժեք վերականգնել, մեր նահատակ զավակների ընտանիքները պետական ֆինանսավորմամբ փոխնակ մայրերի դիմելու հնարավորություն կունենան», - հավելեց Փաշինյանը։
Անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է
«Մեր հայրենիքի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականության հաջողությունն է ապագայի նկատմամբ հավատն ամրապնդելու միջոցը, ու որքան էլ գիտակցում ենք, որ դա միայն մեզնից չէ կախված, հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով՝ փոխելու համար իրադրությունը և մթնոլորտը Հայաստանի Հանրապետության շուրջ և մեր ողջ տարածաշրջանում: Անվտանգության ապահովումը մեր այսօրվա մեծագույն մարտահրավերն է, և փորձը ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է:
Սրան զուգահեռ առանցքային խնդիր է մեր Զինված ուժերի՝ բանակի բարեփոխումը: Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաև կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ: Ռազմավարական հեռանկարում ժամկետային զինծառայությունն էականորեն պիտի փոխվի, վերակերպվելով մարտական պատրաստականության պարտադիր հավաք-վարժանքների, որոնք կյանքի ընթացքում պիտի տեղի ունենան մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:
Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է», - հայտարարեց վարչապետը։
«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն Արցախի հայության իրավունքների լիարժեք պաշտպանությամբ՝ մեր ռազմավարական նպատակն է»
Փաշինյանի խոսքով՝ հենց վերածննդին և խաղաղ ապագային են միտված կառավարության բոլոր քայլերը: «Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները, այո բազմաթիվ ռիսկեր են պարունակում, բայց և նաև բազմաթիվ հնարավորություններ, և մեր քաղաքականությունը միտված է ռիսկերը կառավարելուն ու չեզոքացնելուն, իսկ առկա հնարավորությունները՝ օգտագործելուն», - ասաց Հայաստանի ղեկավարը և շեշտեց․ - «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն Արցախի հայության իրավունքների լիարժեք պաշտպանությամբ՝ մեր ռազմավարական նպատակն է»:
«Մեր կառավարությունը թե պատերազմից առաջ և թե դրանից հետո մշտապես եղել է Արցախի կողքին: Միայն 2021 թվականին կառավարությունն ավելի քան 128 միլիարդ դրամի՝ 267 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Արցախին: 2022 թվականի բյուջեով արդեն Արցախին նախատեսում ենք հատկացնել ավելի քան 144 միլիարդ դրամ՝ 300 միլիոն դոլար և նաև պիտի մտածենք մեխանիզմների մասին, որ այս հատկացումներն ու նրանց օգտագործումը լինի առավել արդյունավետ», - նշեց Փաշինյանը։
Միջազգային հանրությունը Հայաստանն ընկալում է որպես ժողովրդավարության առաջատար ուժ
«2021 թվականը դժվար տարի էր, որը սկսվեց պատերազմի արհավիրքների արդյունքում առաջացած սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամով: Երբեմն թվում էր, թե ետպատերազմական հուզումները կդառնան անկառավարելի, կվերածվեն քաոսի և քաղաքացիական բախումների: Բայց ուզում եմ նկատել, որ 2021 թվականը նաև Հայաստանի ու հայ ժողովրդի կենսունակության ապացույց դարձավ, որովհետև ի զարմանս շատերի, մենք կարողացանք պրոցեսները վերադարձնել լիարժեք քաղաքական հուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտահայտվելու, ազատ կամարտահայտմամբ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելով: 2021 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային մեծ ուշադրության արժանացան, որովհետև մինչև օրս էլ միջազգային հանրությունն ապշեցուցիչ է համարում, որ նման պայմաններում Հայաստանը կարողացավ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել», - ասաց վարչապետը։
«Այսօր այո, միջազգային հանրությունը Հայաստանն ընկալում է որպես ժողովրդավարության առաջատար ուժ և սա մի ձեռքբերում է, որը մենք չպետք է կորցնենք: Մեր խնդիրն է՝ ժողովրդավարությունը, ժողովրդավարական համարումը դարձնել իրական գործոն մեր երկրի անվտանգության, բարեկեցության, զարգացման համար: Ժողովրդավարությունը պիտի դառնա վերածննդի ու ապագայի շարժիչ ուժը: Ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին Հայաստանն իր նվիրվածությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Եվ այո, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է անձեռնմխելի լինեն մեր երկրում, մարդու ազատ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և արդյունք ստեղծելու հնարավորոթյունները պետք է աջակցություն ունենան և խթանվեն», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
«Թերևս ժամանակն է, որ ժամանակն աշխատի մեր օգտին»
«Պարզ է, որ պատերազմի ցնցումը չենք հաղթահարել, ու տևական ժամանակ չենք հաղթահարի: Այս իրավիճակն ահագնանում է COVID-19-ի շարունակվող համավարակով, որի բերած տնտեսական հետևանքները հիմա արդեն յուրաքանչյուր ոք ավելի է զգում, քան 2020 թվականին: Աննախադեպ գլոբալ գնաճը, որը 2020-21 թվականներին COVID-ի պատճառով ի հայտ եկած սահմանափակումների հետևանք է, յուրաքանչյուրի տուն է մտել և քաղաքացիների մեծամասնությունն այսօր ավելի վատ է ապրում, քան 2020 թվականի մեկնարկին:
Բայց պատերազմի ու COVID-ի հետևանքներին մեր արձագանքը պիտի լինի մտածումը, աշխատանքը, ջանքը: Մտածումը, աշխատանքը, ջանքը: Հենց այսպիսին պիտի դարձնենք 2022 թվականը, Հայաստանի իրական և ռազմավարական վերելքի տարի: Պատերազմի հետևանքով հայտնվել ենք զրոյական կետում և թերևս ժամանակն է, որ ժամանակն աշխատի մեր օգտին: Ազատ, խաղաղ, վերածնվող և վերակառուցվող Հայաստանի ու Արցախի կենացը բարձրացրեք», - հայտարարեց Հայաստանի վարչապետը։