Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։
44-օրյա պատերազմի ժամանակ՝ անցած տարվա հոկտեմբերին, գործադիրի որոշմամբ արգելվեց անցած տարվա դեկտեմբերի 31-ից թուրքական ծագմամբ ապրանքներ ներկրել Հայաստան՝ «հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողությունները»։
Արգելքը սահմանվեց կես տարով։ Այնուհետև այս հունիսին այն երկարաձգվեց ևս կես տարով, որի ժամկետը ավարտվում է վաղը։
Ավելի քան երկու շաբաթ առաջ Էկոնոմնիկայի նախարարությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ արգելքը լրացուցիչ վեց ամսով երկարաձգելու որոշման նախագիծ է մշակվում, սակայն այն այդպես էլ չհայտնվեց կառավարության օրակարգում։
Այսօր գործադիրի այս տարվա վերջին նիստն էր, և նման որոշման նախագիծ չկար, ինչը նշանակում է, որ մեկ տարի գործող արգելքը գալիք տարվա հունվարի 1-ից այլևս չի գործելու։
Էկոնոմիկայի նախարարությունը քիչ ավելի հետո հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով` միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն: Ըստ այդմ, թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ։
Նախարարության հաղորդմամբ` վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։
«Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին», - նշված է կառույցի հաղորդագրության մեջ։