Չնայած էկոնոմիկայի նախարարը ամիսներ առաջ հրապարակավ խոստացել էր, թե հրաժարական կտա, եթե Հայաստանը տարին չփակի երկնիշ տնտեսական աճով, տարեվերջին խուսափեց հստակեցնել՝ արդյո՞ք պատրաստ է խոսքից գործի անցնել։
«Եթե վարչապետը դժգոհ լինի իմ աշխատանքից, ոչ էլ կսպասեն իմ հրաժարականին», - ասաց Վահան Քերոբյանը, երբ լրագրողները փաստեցին, որ տնտեսական աճը հեռու է երկնիշ ցուցանիշից։
«Վարչապետը ցանկացած պահի առանց որևիցե դժվարության կարող է ազատել աշխատանքից ցանկացած նախարարի, այնպես որ հրաժարականի մասը, ճիշտ է, մի քիչ շատ քննարկված թեմա է, բայց ինքն իրենից որևիցե… որովհետև լրագրողները հարցրեցին` իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ չլինի այդ պահը, պարզ է` եթե վարչապետը կամ քաղաքական թիմը դժգոհ լինեն իմ աշխատանքից, ոչ էլ կսպասեն իմ հրաժարականին»:
Մինչդեռ այս ապրիլին, երբ տնտեսությունը դեռ անկման մեջ էր՝ տարվա առաջին երեք ամսվա կտրվածքով արձանագրելով մինուս երկու տոկոս (չնայած արդեն մարտին փոքր աճ էր գրանցվել), Քերոբյանը հայտարարել էր՝ կառավարության նպատակն է տարին փակել երկնիշ տնտեսական աճով. «Աճը մարտը մարտի նկատմամբ այդքան էլ ինձ չի գոհացնում, իմ մտածած կամ մեր հաշված 7-7.5-ի փոխարեն նախնական տվյալներով` 3.8 տոկոս է հայտարարվել, բայց դա միևնույն է` ապահովելու է մեր երկնիշ տնտեսական աճը տարվա վերջը», - ասել էր նա:
Անցած տարի Հայաստանը փակեց 7.4 տոկոսանոց տնտեսական անկմամբ, իսկ այս տարվա համար պաշտոնապես տարբեր թվեր են հրապարակվել: Պետբյուջեի համաձայն, Հայաստանը 2021թ. կփակի 3.2 տոկոս տնտեսական աճով։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի վերջին՝ դեկտեմբերի 14-ին հնչեցրած կանխատեսման համաձայն, տարեկան աճը կկազմի 4.2 տոկոս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին հայտարարեց այս տարի սպավող 6 տոկոս աճի մասին և դեռ չի հրաժարվել այս թվից։ Դրանից հետո էլ՝ օգոստոսին ընդունվել էր կառավարության հնգամյա ծրագիրը, ըստ որի այս տարին Հայաստանը պետք է փակի առնվազն 7 տոկոս տնտեսական աճով։
Լրագրողների հետ երեկվա հանդիպմանը Վահան Քերոբյանը հակված էր ամենալավատեսական՝ 7 տոկոսանոց աճին. «Այդ աճը հեշտ չի լինելու ապահովել, պետք է խոստովանել, բայց մենք գիտենք այն պլանը, որը իրագործելու պարագայում մենք կարողանանք այդ աճը ապահովել, և դա նկարագրված է կառավարության միջոցառումների ծրագրում, կառավարության ծրագրում: Դա հիմնականում մեր շեշտադրումն է ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը և տնտեսության գերակա ոլորտների ակտիվացմանը»:
Ըստ նախարարի, ներդրումները խթանելու համար շուտով կառավարությունը նոր նախաձեռնություն է ներկայացնելու՝ ներդրումների դիմաց պարտավորվելով տրամադրել ենթակառուցվածքներ և պետգույք, ինչպես նաև սուբսիդավորել սարքավորումների ձեռքբերումը՝ հատկապես տնտեսության գերակա ոլորտներում։
Թե կոնկրետ երբվանից է սկսվելու այս նորամուծությունը, նախարարը չհստակեցրեց, միայն նշեց, որ կառավարության նպատակն է ապահովել տարեկան մեկ միլիարդ դոլար ներդրումներ։ Այս տարի որքա՞ն են կազմել ներդրումները՝ կրկին պարզ չդարձավ, Քերոբյանը խորհուրդ տվեց սպասել տարեկան ամփոփ տվյալների հրապարակմանը։
Երկաթուղային ապաշրջափակումը կարող է Հայաստանի տնտեսությունը մեծացնել 1/3-րդով. Քերոբյան
Ներդրումներից բացի, կառավարությունը նաև երկաթուղու ապաշրջափակման հետ է մեծ հույսեր կապում։ Ըստ Քերոբյանի, դա կարող է էապես նպաստել հայաստանյան տնտեսական աճին։ Նախարարը կոնկրետ թվեր հնչեցրեց. «Այդպիսի ուսումնասիրություն որոշ ժամանակ առաջ, որ իմ կարծիքով` կարելի է համարել հիմք, արվել է, և ըստ այդ ուսումնասիրության, տարածաշրջանի ապաբլոկավորումը Հայաստանի տնտեսության վրա կունենա 30 տոկոս աճի ազդեցություն կարճ ժամանակահատվածի ընթացքում: Բնականաբար, այդ ուսումնասիրությունները թարմացնելու անհրաժեշտություն կա, և հիմա մենք նախաձեռնում ենք այդ ուսումնասիրությունն անել մեկ-երկու տարվա ընթացքում»:
Էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կվերանա
Դրական խոսելով տաածաշրջանում տնտեսական կապերի ու հաղորդակցության միջոցների ապաշրջափակման մասին՝ Էկոնոմիկայի նախարարությունը միաժամանակ առաջարկել է կառավարությանը երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին սահմանված այս արգելքը ավարտվում է երկու օրից՝ դեկտեմբերի 31-ին։ Վահան Քերոբյանին հարցրեցինք՝ կառավարության քայլերի մեջ հակասություն չկա՞՝ մի կողմից խոսվում է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման մասին, մյուս կողմից գործադիրը ծրագրում է պահպանել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հայաստանյան շուկա։
«Հենց հիմա մենք քննարկումների մեջ ենք, և կարծում եմ, որ մոտակա մի քանի օրվա մեջ արդեն որևէ որոշում պետք է կայացնենք, նույնիսկ որոշման չկայացումն արդեն ուրիշ որոշում է, այսինք` բացել սահմանները, և կարծում եմ` մեկ-երկու օրվա մեջ արդեն մենք կունենանք», - ասաց նա: