Հայաստանում հիվանդանոցները շարունակում են ծանրաբեռնված աշխատել. covid 19-ից բացի, տարածված են նաև մի քանի սուր շնչառական վարակներ, հիմնականում՝ երեխաների շրջանում։
«Այս տարի շրջանառվում է բնակչության մեջ գրիպի վիրուսը, նրա երկու տեսակները՝ A և B։ Գլխավորապես ավելի շատ տարածված է A խմբի վիրուսը, ունի յուրօրինակ անվանում՝ H3N2», - ասում է Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը։
Նա նշում է, որ այս վիրուսը երեխաները հեշտ չեն տանում, շատերի մոտ նկատվում է բարձր ջերմություն, որը տևում է մի քանի օր, հազ, հազվադեպ թոքաբորբ, երբեմն նաև ականջի բորբոքում. - «Դիմողները բավականին շատ են՝ ամենաշատը չի, բայց միջինից հաստատ ավելի բարձր է։ Մահճակալային ֆոնդը շեմային արժեքեների մոտ է, չեմ ասի, որ սպառված է, բայց իրավիճակը լարված է, ծանր»։
«Նախորդ շաբաթ մենք ունեցել ենք դեպք, երբ մեկ դասարանում տասը աշակերտ հիվանդ է եղել», - ասում է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը՝ նշելով, որ դա շատ ցուցանիշ է։
Վաղվանից աշակերտները դպրոց չեն գա, ձմեռային արձակուրդներն են սկսվում: Սակայն, տնօրենի խոսքով, եթե դրանց ավարտին ևս հիվանդության պատճառով բացակաները շատ լինեն, կդիտարկեն նաև անցումը հեռավար ուսուցման. - «Մենք սկսում ենք առավոտից ֆիլտրով։ Եթե հիվանդ երեխաներ են լինում, անպայման մենք այդ երեխաներին հետ ենք ուղարկում, ծնողներին զգուշացնում ենք։ Բուժքույրը անպայման ամենօրյա հսկողություն է իրականացնում»։
Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժի փոխանցմամբ, նախորդ տարի հիվանդացության պատկերն ավելի մեղմ էր, քանի որ պահպանվում էին հակահամաճարակային կանոնները` դպրոցները անցել էին հեռավար ուսուցման, շփումը զգալի նվազել էր։
Սարգսյանը նաև այլ խնդիր է մատնանշում, որը Հայաստանում առկա է գրեթե միշտ`անկախ սեզոնից: Ըստ մասնագետի, շնչառական հիվանդություններն առավել հաճախ են հանդիպում այն երեխաների մոտ, որոնք մեծանում են ծխախոտի ծխով լի միջավայրում. - «Եթե հիվանդությունը զարգացել է, այստեղ ամենակարևոր պարզ օրենքներն են՝ երեխաներին բավարար քանակով հեղուկ խմացնել, կերակրել, խնամել, հսկել ջերմությունը։ Հսկել երեխայի շնչառությունը, խորհրդակցել տեղամասի մանկաբույժի, ձեր ընտանեկան բժշկի հետ։ Իհարկե, եթե այդ ամենը ավելի ծանրանում է, արդեն հիվանդանոց»։
«Արաբկիր» բժշկական համալիրում սուր շնչառական տարբեր վարակներից այս պահին մոտ 100 երեխա է բուժվում, մի քանիսը վերակենդանացման բաժանմունքում են։