Մատչելիության հղումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Հայկ Մարությանի մեղադրանքներն իշխող ուժի հասցեին


Մարությանի հայտարարությունների հետքերով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերջին հայտարարություններն ու մեղադրանքներն իշխող ուժի հասցեին:

Երեկ, երբ ավագանու իշխող ուժը քվեարկության էր դրել քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Մարությանը պնդել էր, թե իրեն պատժում են իշխող ուժի կանոններին չենթարկվելու, ապօրինի պահանջներին չընդառաջելու համար։

«Սկսեցինք պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել։ Էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, էսքան հարկ ավելացնենք, էս հողը ընդլայնենք և այլն», - ասել էր Մարությանը։

Նրա հենց այս հայտարարություների հետքերով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Մինչ քննիչները գնահատական կտան, իրավապաշտպանաը պնդում է, թե հարցը նաև բարոյական կողմ ունի: Մասնավորապես, նա մտահոգիչ է համարում, որ պաշտոնյաները ենթադրյալ հանցագործությունների կամ ապօրինությունների մասին խոսում են հետին թվով, և ոչ այն ժամանակ, երբ դա փաստացի հնարավոր էր կանխել:

Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան

«Ազատության» դիտարկմանը, թե Մարությանի խոսքով, ինքը խմբակցության նիստերին խոսել է այդ ամենի մասին, Իոաննիսյանն արձագանքեց. - «Խմբակցության նիստերի ժամանակ միգուցե խոսել է, բայց իրավապահներին չի ասել և հանրությանը չի ասել։ Եվ սա գլոբալ պրոբլեմ է, որը մենք ունենք։ Եվ Մարությանի դեպքը առաջինը չի, երբ որ մենք նման պատմությունների մասին իմանում ենք դրանց մասնակիցներից ինչ-որ մեկի պաշտոնանկությունից հետո»։

Վերջին օրերին հնչող փոխադարձ մեղադրանքներից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում էր արել։ Ի թիվս այլ կետերի, նաև քաղաքապետարանում Մարությանի կնոջ միջնորդությունների մասին ակնարկել. - «Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր կինը ինչ շարժառիթներով էր մարդկանց աշխատանքի նշանակում»։

Իրավապաշտպանը նաև այստեղ է խնդիրներ տեսնում. եթե այդ քայլերը խնդրահարույց են եղել, ինչո՞ւ հստակ չի ասվում, կամ ինչո՞ւ է Ֆեյսբուքում ասվում. - «Ցանկացած մեկը, որ գալիս է պաշտոնի, փորձում է նշանակել մարդկանց, ում որ ինքը վստահում է։ Ամբողջ խնդիրը նրանում է, թե էդ վստահելության չափորոշիչը որն ա, և որ հարցում է վստահում։ Վստահում է որպես լոյա՞լ, թե՞ վստահում է որպես բարեխիղճ և պրոֆեսիոնալ։ Սա է խնդիրը։ Թե չէ նորմալ է, որ նշանակում է մեկին, ում ինքը վստահում է։ Կառավարությունուն քի՞չ մարդ կա, ովքեր աշխատանքի են անցել զուտ որպես վստահելի մարդ»։

Իոաննիսյանի խոսքով, խմբակցության ղեկավար Գալջյանի հայտարարությունները, թե օրինակ Մարությանի բնակարանի «պռարաբն» ու այլ մերձավորները քաղաքապետարանում աշխատանքի են անցել, առերևույթ չի վկայում որևէ ապօրինության մասին:

«Էս շենքի ենթակա հիմնարկներում մարդիկ են աշխատում, ովքեր որ մերձավոր կապեր ունեն պարոն Մարությանի հետ... Մարությանի պռարաբը և էլի աշխատակիցներ։ Էդ մարդկանց գույքային վիճակը որ հիմա նայենք, ազատման դիմում ա գրել, չէ՞, ո՞ւր ա հիմա, ինչի՞ տենց շուտ դուրս էկավ աշխատանքից...», - ասել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

«Պռարաբի մասով ինքը չի ասում, որ ապօրինի հարստացել է, ասում է, որ ինչ-որ անհասկանալիորեն հարստացել է։ Անհասկանալիորեն շատ մարդ ա հարստացել, Ալեն Սիմոնյանն էլ ա անհասկանալիորեն հարստացավ», - նշում է Իոաննիսյանը։

Գալջյանի նշած «Մարությանի ընտանիքի պրարաբը» Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության նախկին պետ Գրիգոր Հարությունյանն է։ «Ազատության» հետ զրույցում վերջինս հաստատեց, որ քաղաքապետարան էր եկել Մարությանի խնդրանքով, միաժամանակ ընդգծեց, որ մինչև այդ աշխատել է «Գազպրոմում», ստացել ավելի բարձր աշխատավարձ և պարգևվավճարներ. - «Ես ի վիճակի չեմ աշխատել։ Ինձ միշտ խնդրել են, Հրաչ Սարգսյանը մի քանի անգամ իմ դիմումը անձամբ ճղել ա»։

Արձագանքելով իշխող ուժի ներկայացուցչի հռետորական հարցին, թե որտեղ է և ինչպես է փոխվել նրա ֆինանսական վիճակն այս ընթացքում` Հարությունյանն ասաց, որ Երևանում է և դեմ չէ, որ իրավապահները ստուգեն` ինչը՞ կարող էր իրեն ստիպել պաշտոնավարման տարիներին վաճառել Երևանում գտնվող իր երկու բնակարանն ու երեք ավտոմեքենաները։

Քաղաքապետարանի արդեն նախկին պաշտոնյան, որն աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել Մարությանի պաշտոնանկությունից հետո, խնդրում է իր հասցեին մեղադրանքներ հնչեցնող ավագանիներին օգնել, որ գտնի, թե այդ ինչ բիզնեսների է ինքը տիրապետում:

Արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ հեռանալիս նաև ասաց, որ քաղաքապետարանից ու վարչական շրջանների ղեկավարներից կոռուպցիայի վերաբերյալ շուրջ 70 հաղորդում են ուղարկել իրավապահներին։ Լրագրողներին հորդորեց հարցնել՝ դրանցից քանի՞սն է ընթացք տրվել։

Ոստիկանությունից ու դատախազությունից այսօր մեզ պատասխան չտվեցին, պահանջեցին գրավոր հարցում ուղարկել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG