Մատչելիության հղումներ

Բաքուն բողոքի նոտա է հղել Փարիզին` Վալերի Պեկրեսի Արցախ այցի պատճառով


Բաքուն բողոքի նոտա է հղել Փարիզին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Վալերի Պեկրեսի Ստեփանակերտ կատարած այցի պատճառով։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Դրանում հաղորդվում է, որ դիվանագիտական գերատեսչություն է կանչվել Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը «և նրան էլ հղվել է բողոքի նոտան»։ «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ֆրանսիացի քաղաքական գործիչների և այլոց ուղեկցությամբ տեղի ունեցած այդ այցն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հանդիսանում է երկրի ազգային օրենսդրության խախտում»,- ասվում է պաշտոնական Բաքվի հայտարարությունում։

Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Պեկրեսը, ինչպես հաղորդվել է, Լեռնային Ղարաբաղ է այցելել նախօրեին Մինչ այդ նա Երևանում հանդիպումներ է ունեցել նախագահի, խորհրդարանի խոսնակի հետ: Իլ-դե-Ֆրանս շրջանի ղեկավարը Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող երկրորդ թեկնածուն է, որը քարոզարշավի ժամանակ այցելում է Հայաստան։ Շաբաթներ առաջ էլ Երևան էր ժամանել Էրիկ Զեմուրը, որը նույնպես ցանկանում է պայքարել Ելիսեյան պալատի ղեկավարի պաշտոնի համար:

XS
SM
MD
LG