Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Պեկրեսը մեկնել է Արցախ


Վալերի Պեկրեսին ընդունել է Արմեն Սարգսյանը, 21-ը դեկտեմբերի, 2021թ․
Վալերի Պեկրեսին ընդունել է Արմեն Սարգսյանը, 21-ը դեկտեմբերի, 2021թ․

Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Վալերի Պեկրեսը նախօրեին մեկնել է Արցախ։ Տեղեկությունը հայտնել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին։

«Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հանդիպել է տեղի քաղաքական ներկայացուցիչների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի, այդ թվում՝ France TV-ի կողմից», - թվիթերյան իր էջում գրել է լրագրողը։

Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Վալերի Պեկրեսը Երևան է ժամանել երեքշաբթի օրը, նրան ընդունել է նախագահը, Ազգային ժողովի նախագահը։ ֆրանսիացի քաղաքական գործիչը հայաստանցի պաշտոնյաների հետ քննարկել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը։

Ընտրվելու դեպքում Պեկրեսը խոստանում է ակտիվացնել Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կոսվկասում։ «Մենք գիտենք, և այդ մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի կառավարությունը, որ հակամարտության, ագրեսիայի պատասխանատվությունն ակնհայտորեն կրում են Ադրբեջանը, դրա թուրք դաշնակիցները, ինչպես նաև մի շարք սիրիացի ջիհադիստներ», - Երևանում հայտարարել է Պեկրեսը։

XS
SM
MD
LG