Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարար. Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները զարգանում են վերընթաց ուղղությամբ


Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկօրյա աշխատանքային այցով Բաքվում է։ Այցի օրակարգում հանդիպումներն են Ադրբեջանի նախագահի, փոխվարչապետի, խորհրդարանի խոսնակի և արտգործնախարարի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն ընդունել է Աբդոլլահիանին, այլ մանրամասներ հանդիպումից դեռ չկան։

Իրանական աղբյուրների համաձայն` Ադրբեջանի իշխանությունների հետ Իրանի արտգործնախարարն այսօր քննարկում է Իրանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացումը, իրանական ընկերությունների մասնակցությունը պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանների վերականգնմանը և երկու երկրների համագործակցությունը Պարսից ծոց-Սև ծով Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքի գործարկման հարցը։

Այցը տեղի է ունենում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով: Սա Աբդոլլահիանի առաջին այցն է Ադրբեջան պաշտոնը ստանձնելուց հետո։ Երկու երկրների արտգործնախարարների բանակցություններից հետո նախատեսված է Ադրբեջանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։

Բաքու ժամանելուն պես իրանցի դիվանագետը հայտարարել է, թե Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացման բազմաթիվ գաղափարներ կան` հավելելով, որ առաջիկայում ակտիվանալու են իրանա-ադրբեջանական պաշտոնական շփումները։

«Ուրախալի է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են վերընթաց ուղղությամբ։ Վերջին երեք ամիսներին ես երեք հանդիպում եմ անցկացրել իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Կազմել ենք համագործակցության զարգացման լավ ծրագիր, որի շուրջ կզրուցենք Ադրբեջանի նախագահի հետ: Դա կնպաստի մեր երկու պետությունների տնտեսական, առևտրային և մշակութային կապերի զարգացմանը»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Երկու երկրների հարաբերությունները սրվել էին ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո. Իրանը հայտարարում էր, որ թույլ չի տա տարածաշրջանում քարտեզների ձևափոխումը, սակայն վերջին երկու ամիսներին Թեհրանն ու Բաքուն հրապարակավ հայտարարում են, որ կարողացել են հաղթահարել տարաձայնությունները։ Համենայնդեպս, Թեհրանը Ադրբեջանի դեմ հայտարարություններ այլևս չի անում, հակառակը` ասում է, որ մտադիր է խորացնել հարաբերությունները բոլոր որորտներում, տարածաշրջանում հետպատերազմյան զարգացումներից, հայ-ադրբեջանական հակամարտությունից էլ գրեթե չի խոսում։

XS
SM
MD
LG