Մատչելիության հղումներ

«Խիստ վտանգավոր միջամտություններ». Թաթոյանը՝ համայնքներում ավագանու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին


«Խիստ վտանգավոր միջամտություններ», - Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն այսպես է բնորոշում տարբեր համայնքներում ստեղծված իրավիճակը ավագանու ընտրություններից հետո: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է իշխանություն վերցնել այն համայնքներում, որտեղ չի հաղթել:

«Քրեական ​ու քաղաքական, այսպես կոչված, ընթացակարգերով, դրանց քողի ներքո է արվում, բացատրություններ էլ հանրությանը կա՛մ առհասարակ չեն տրվում, կա՛մ պատշաճ չեն տրվում և վտանգավոր միջամտություններ են իրականացվում քաղաքացիների առաջնային քվեով ընտրված մարդկանց նկատմամբ, որոնք էլ ընտրվելու իրավունքն են իրականացրել, իսկ քաղաքացիները՝ ընտրելու իրավունքը», - ասաց Թաթոյանը:

Կալանավորված են Վարդենիսի, Վանաձորի քաղաքապետի հավակնորդները, Թալինում օրեր առաջ բերման են ենթարկել «Զարթոնք» կուսակցության 3 անդամներին՝ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ երեք կուսակցությունների կոալիցիայով «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածուի ընտրությունը վտանգվում է: Այսօր Թալինում քաղաքապետ է ընտրվել իշխանական թեկնածուն՝ մրցակից կոալիցիայից ավագանու մեկ անդամ է իր մեկ ձայնով այդ հաղթանակը հնարավոր դարձրել: Վեդիում ընդհանրապես նոր ընտրություններ նշանակվեցին, խնդիրներ են ստեղծվել բոլոր այն համայնքներում, որտեղ ձայների տարբերությունը մեծ չէ իշխող ուժի ու չիշխող ուժերի միջև:

«Ճնշումներ են գործածվում ընտրված ավագանիների նկատմամբ, որպեսզի ավագանու առաջին նիստերի ժամանակ քվեարկությունը պատշաճ լինի և այլն: Սրանք ժողովրդավարության հիմքերին լրջագույն հակադրվող երևույթներ են», - ընդգծեց օմբուդսմենը:

Արման Թաթոյանն ասում է՝ կալանավայրերում այցելել են թե՛ Մամիկոն Ասլանյանին, թե՛ «Միասնական Վարդենիս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանին: Քրեական գործերը, որոնց շրջանակում նրանք կալանավորվել են, հարուցվել են շատ ավելի վաղ և տևական շրջան այդ գործերով ոչինչ չի արվել։ Քրեական գործերն աշխուժանում են ընտրությունների արդյունքները պարզ դառնալուց հետո:

«Ազատությունից զրկվում են, խնդիրն այստեղ է, որ ազատությունից զրկման, այսինքն՝ մարդու իրավունքների սահմանափակման ամենածայրահեղ միջոցներից է ընտրվել, որը կալանավորումն է», - նշեց Թաթոյանը:

Օմբուդսմենի գնահատմամբ՝ տեղական իշխանություն են փորձում ձևավորել անօրինական գործընթացներով, ճնշումներով:

«Այս գործողություններն, ըստ էության, փորձ են խմբագրելու ժողովրդի քվեարկության արդյունքները». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ քվե ստացած Մամիկոն Ասլանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է որակում:

«Քրեական հետապնդման ժամանակահատվածի ընտրությունը, ձերբակալման, կալանավորման վերաբերյալ որոշումները, քանի որ համընկել են նախընտրական ժամանակահատվածին և նաև առավել կարևոր է՝ ավագանու նիստին, որի ընթացքում պետք է ընտրվեր քաղաքապետը, համարում եմ քաղաքական հետապնդում», - ասաց նա:

​Արթուր Սաքունցը տեղական ինքնակառավարման այս ընտրությունների ընթացքը դիտարկած «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ է նաև, շեշտում է, հեղափոխությունից հետո այս ծավալի տեղական ընտրություններ առաջին անգամ էր և նախընտրական փուլի, ընտրական օրվա դիտարկումները ցույց տվեցին, որ մարդիկ սկսում էին հավատալ, որ իրենց ձայնը նշանակություն ունի:

«Ոգևորող էր, որ ըստ էության բազմակուսակցական մշակույթը որպես ժողովրդավարական կարևոր ինստիտուտ, արժեք, ինքը ձևավորման սկզբնավորումն էր, որովհետև ունեցանք փաստ, որ կենտրոնական ազգային իշխանությունը մի կուսակցությունն է ձևավորել մեծամասնությամբ, տեղերում այլ կուսակցություններ են հաղթել կամ մեծամասնություն ստացել, և սա հնարավորություն էր նաև քաղաքական համաձայնությունների մշակույթը ձևավորելու», - ընդգծեց իրավապաշտպանը:

Իսկ հիմա, ըստ Սաքունցի, իշխանությունը խեղաթյուրում է մարդկանց ընտրության արդյունքը. - «Այս գործողություններն, ըստ էության, փորձ են խմբագրելու ժողովրդի քվեարկության արդյունքները, ընդ որում, այնպիսի մեթոդներով, որոնք ակնհայտ իրենց բովանդակությամբ ժողովրդավարական չեն»:

Իրավապաշտպանը վստահ է՝ ընտրություններին հաջորդած այս ավտորիտար միտումները անհետևանք չեն մնա՝ իշխանության նկատմամաբ վերաբերմունք կփոխվի:

XS
SM
MD
LG