Մատչելիության հղումներ

Բայդենի Ազգային անվտանգության հարցերով օգնականը մտահոգություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ


ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը երեկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի հայտարարության մեջ։

«Սալիվանը նշել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Հայաստանի և Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։ Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ անորոշ սահմանների մոտ զինվորականների ցանկացած տեղաշարժ սադրիչ է և անպատասխանատու», - ասված է հայտարարության մեջ։

Հորնը չի մանրամասնել, թե որտեղ է կայացել հանդիպումը։

Ամերիկայի առաջնորդի օգնականը «ողջունել է կողմերի միջև շփումների շարունակումը և նշել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել վստահության ամրապնդման միջոցառումներին ինչպես երկկողմ, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»։

Սալիվանը ողջունել է Թուրքիայի և Հայաստանի՝ հարաբերությունները կարգավորելու ջանքերը։

Երկուշաբթի երեկոյան Մևլյութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանում հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին: Պաշտոնական Երևանը դրական գնահատեց Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, և հաստատեց, որ ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Անկարայի բանագնացը կլինի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան, 63-ամյա փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը: Իսկ պաշտոնական Երևանը դեռ չի հայտարարել, թե ով է լինելու Հայաստանի բանագնացը Անկարայում

ԱԽ քարտուղարը հրավիրել է Սալիվանին այցելել Հայաստան

Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակն իր հերթին հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։

Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության գագաթաժողով»-ին Հայաստանին հրավիրելու կապակցությամբ։ Հանդիպման վերջում ԱԽ քարտուղարը հրավիրել է Սալիվանին այցելել Հայաստան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG