Մատչելիության հղումներ

Չպատվաստված քաղաքացիների համար փետրվարի 1-ից քովիդի բուժումը կարող է վճարովի դառնալ. Առողջապահության փոխնախարար


Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը մեծ ակնկալիք չունի, թե կառավարության նման հայտարարությունները լսելով մարդիկ կշտապեն պատվաստվել։

Եթե Առողջապահության նախարարության այս սցենարը իրականություն դառնա, նախնական հաշվարկներով, չպատվաստված անձինք ստիպված կլինեն 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ վճարել։

Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանն է այսօր իր ֆեյսբուքյան գրառմամբ հստակ ամսաթիվը նշել. - «Արդեն ամսաթիվ ա հստակ քննարկվում, որ էդ ամսաթվով միգուցե դա ուժի մեջ մտնի։ Ուղղակի պետք ա հանրության նախապես տեղյակ պահենք դրա մասին, անգամ նմանատիպ քննարկումների մասին»։

Փոխնախարարի խոսքով, ՊՇՌ թեստի բացասական պատասխանով աշխատանքի ներկայանալու պարտադիր պահանջի շնորհիվ, հիմա օրական տասը հազարից ավելի քաղաքացի է պատվաստվում։ Նախարարությունում վստահ են, որ մինչև վճարովի բուժման որոշումն ընդունվի, պատվաստվածների թիվն է'լ ավելի մեծ կլինի։

Չնայած Հայաստանում արդեն 9 ամիս է պատվաստումները սկսվել են, 4 պատվաստանյութ կա, բայց առայժմ չափահաս բնակչության միայն 27 տոկոսն է ամբողջական պատվաստվել։ Այս առումով Հայաստանը շարունակում է մնալ վերջինը տարածաշրջանում։

Արձագանքելով քննադատությունը, թե՝ պատվաստումների 50 տոկոսը գոնե ապահովեիք, նոր վճարովի բուժման մասին խոսեիք՝ փոխնախարարը հակադարձեց, որ այդ հարցը միշտ էլ հնչելու է. - «Իհարկե լավ կլիներ հիսուն տոկոս արդեն ունենայինք ընդգրկվածություն։ Հիսուն տոկոսի ժամանակ էլ միգուցե դուք հարց հնչեցնեիք, որ գուցե լավ կլիներ յոթանասուն տոկոսի ժամանակ էս միջոցառմանը անցնենք... անընդհատ էս քննարկումը կարա տեղի ունենա։ Արդեն բավականին մեծ թափ ենք հավաքել՝ ստաբիլ տասը հազար պլյուս, տասնհինգ հազար պլյուս ամենօրյա պատվաստումների քանակ ունենք, որը որ հույս ա ներշնչում, որ շատ շուտով մեծ ընդգրկվածություն կունենանք։ Չմոռանանք նաև արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թիվը մեր երկրում, վերադարձի սեզոնն ա այսպես կոչված։ Հուսանք, որ վերադառնալուն պես նրանք նույնպես կպատվաստվեն»։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը մինչդեռ կարծում է, որ պաշտոնական այս հայտարարությունները կարող են իրագործվել, եթե օրենքը փոխվի, կամ քովիդը հանվի առավել վտանգավոր հիվանդությունների ցանկից։ Այս դեպքում էլ, ըստ նրա, մարդիկ կմտածեն, թե քովիդն այդքան էլ վտանգավոր չէ, և պատվաստման կարիք չկա

Հանրային առողջության մասնագետը մեծ ակնկալիք չունի, որ կառավարության այս հայտարարությունները լսելով մարդիկ կշտապեն պատվաստվել. - «Մարդիկ չեն վախենում չպատվաստվել-մահանալուց, մարդիկ պիտի վախենան չպատվաստվեն, որ փող ծախսե՞ն»։

Նրա համոզմամբ, այս փոփոխության հետևանքով միայն ավելանալու է այն մարդկանց թիվը, որոնք կսկսեն ինքնաբուժությամբ զբաղվել և հիվանդանոց կհասնեն ծայրահեղ ծանր վիճակում։ Նաև փաստում է, որ 27 տոկոս աղքատություն ունեցող երկրում, շատերը չեն կարող գնալ 50 հազար դրամ չնախատեսված ծախսերի. - «Միգուցե սա այն խթանը չի, որը մարդկանց անհրաժեշտ ա։ Ես առաջարկում եմ՝ եկեք բոլորս միասին քառապատկենք մեր ջանքերը, գնանք դռնեդուռ, խնդրենք մարդկանց պատվաստվել, բայց նմանատիպ անկանխատեսելի հետևանքներ ունեցող որոշում չընդունենք»;

Առողջապահության փոխնախարարն ասում է, թե չի եղել առաջարկ, որին չեն արձագանքել։

Երևանի փողոցներում փորձեցինք պարզել, թե ինչպես են քաղաքացիներն արձագանքում չպատվաստվածների համար քովիդի բուժումը վճարովի դարձնելու մասին՝նախարարության ծրագրերին։ Կարծիքները տարբեր էին, բայց ճնշող մեծամասնությունը կողմ էր, որ մարդիկ պետք է գիտակցեն ու պատվաստվեն։

XS
SM
MD
LG