Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը շուտով հասանելի կլինի, և քաղաքացիներն այն կարող են ստանալ որպես բուսթեր՝ խթանիչ 3-րդ դեղաչափ։ Այսինքն՝ ամբողջական՝ 2 դեղաչափով պատվաստվածները վեց ամիս անց կարող են նաև ստանալ այս վակցինան։
Այսօր այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. - «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես մյուս պատվաստանյութերը, պետությունը պետական բյուջեի միջոցներով գնում կիրականացնի, և այո, քաղաքացիները դա անվճար կերպով կստանան։ Մենք այս պահին այն իրագործելու ենք որպես բուսթեր դեղաչափի համար։ Իսկ ժամանակի ընթացքում, երբ որ կընդլայնվի արդեն դրա կիրառության նաև այլ տարբերակները, մենք կհետևենք, ըստ ուղեցույցերի կիրականացնենք»։
Պատվաստանյութը արտադրվում է տեղական «Լիկվոր» դեղագործական ընկերությունում։ Տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը ասում է՝ համագործակցում են ռուսական կողմի հետ, ըստ պայմանագրի, կատարվել է արտադրության տեխնոլոգիայի տրանսֆեր, «Լիկվորը» վերարտադրել է պատվաստանյութը։
Թե որքան գումար է ծախսվում արտադրության համար, տնօրենը չցանկացավ հայտնել. - «Վերամշակում են սուբստանցիան, որը ստանում ենք ռուսական կողմից, նա անցնում է վերամշակման տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում և սառնային ռեժիմի տակ պահպանում: Ծավալը հետևյալն է. մեր ընկերությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է Հայաստանի մեկ տարվա պահանջները ապահովել»։
Արտահանում առայժմ չի իրականացվում, սակայն Էկոնոմիկայի նախարարի Վահան Քերոբյանի խոսքով, այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում. - «Բնականաբար, էս գործընթացը սկսելիս մենք բոլորս միասին ի նկատի ենք ունեցել արտահանման հնարավորությունները, որը կբազմապատկի արտադրանքի ծավալները, քանի որ Հայաստանի Հանրապետության շուկան ինքնին բավական փոքր ա՝ սպառման անհրաժեշտ ծավալը ապահովելու համար։ Արդեն մի շարք մերձավորարևելյան երկրների հետ բանակցություններ գնում են, նաև քննարկվում են որոշ աֆրիկյան երկրներ։ Էս ամեն ինչը ռուսական գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ, վստահ ենք, որ շուտով հնարավոր կդառնա»։
«Սպուտնիկ լայթը» Հայաստանում կկիրառվի միայն 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար։ Թեև վակցինաների տեսակները ավելացվում են, սակայն պատվաստվածների ընդհանուր ցուցանիշով Հայաստանը առայժմ տարածաշրջանի հետնապահն է։
Ինչ վերաբերում է համաճարակային իրավիճակին, նախարարը հայտնեց՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ հոսպիտալացման հերթին սպասող քաղաքացիներ չկան, կորոնավիրուսով հիվանդացության թվերն էլ շարունակում են նվազել. - «Պիտի ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք այս նվազ ցուցանիշները նաև առաջիկայում։ Դեկտեմբերի երկրորդ կեսից կսկսվի Նոր տարվա ավելի մեծ շարժերը։ Պիտի պահպանենք այդ հակահամաճարակային կանոնները և շարունակենք պատվաստվել»։
Պատվաստումները խթանելու, քովիդի տարածումը կանխելու նպատակով նախարարությունը վերջերս նոր առաջարկությամբ հանդես եկավ, որի համաձայն՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթով։
Տեխնիկական կարգավորումների վերաբերյալ առայժմ հստակեցումներ չկան։ Նախարարի տեղեկացմամբ՝ առաջարկությունն այս պահին դեռ քննարկման փուլում է։
Առողջապահության նախարարության մշակած այս նոր նախագիծը մտահոգել էր տնտեսվարողներին, հարցնում էին՝ քիչ ժամանակ է մնացել, բայց չգիտեն որն է իրենց և որն է պետության դերն ու պարտականությունը այս ամենը ստուգելու, վերահսկելու գործում։
Տնտեսվարողներն ընդգծում են, որ քովիդի հետևանքով տուժած հանրային սննդի ոլորտը դեռ չի վերականգնվել, այժմ էլ հավելյալ ռեսուրս ներգրավելու պահանջն արդարացի չեն համարում։
Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց՝ հաշվի են առնելու նաև բիզնեսի շահերը. - «Քննարկման շրջանում ենք, որի արդյունքում կփորձենք էնպիսի որոշումներ գտնել, որոնք թույլ կտան մեզ թե' ուժեղացնել պատվաստումների արագությունը, թե' այնպիսի անդառնալի վնասներ չհասցնել բիզնեսին, որպեսզի նրանք փակվեն»։
Հայաստանում այս պահին գործող սահմանափակումներից են. փակ և բաց տարածքներում պարտադիր դիմակների կրումը, ինչը գրեթե չի պահպանվում, իսկ չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն քովիդ թեստի բացասական արդյունք։
Առայժմ ցածր է չաշխատող կամ գրանցված աշխատանք չունեցող, օրինակ, գյուղական բնակավայրերում ապրող քաղաքացիների պատվաստման ցուցանիշը։