Մատչելիության հղումներ

Նախկին ոստիկանապետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված 2 միլիարդ դրամ օրինականացնելու համար


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի վեց հոդվածով։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին ոստիկանապետին մեղադրում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 միլիարդ դրամ օրինականացնելու համար։

Գասպարյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել 18 տարի։ Մինչև Փաշինյանի իշխանության գալը շուրջ յոթ տարի Հայաստանի ոստիկանապետն էր։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ պետական պաշտոններ զբաղեցրած Գասպարյանը չարաշահել է լիազորությունները, ձեռք բերել օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք` թանկարժեք տներ, մեքենաներ։ Դրանց ծագումը թաքցնելու համար գույքը գրանցել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։

«2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ` չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք», - հաղորդում է կոմիտեն:

Գասպարյանի դեմ քրեական գործը հարուցվել է մի քանի դրվագներով։ Նա երկար տարիներ եղել է Ռազմական ոստիկանության ղեկավարը։ Դրվագներից մեկն էլ այն է, որ Գասպարյանի կինը 2010-2011 թվականներին պաշտոն է զբաղեցրել Ռազմական ոստիկանությունում, բայց ծառայության չի ներկայացել։ Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կնոջը վճարել է ավելի քան 17 մլն դրամ աշխատավարձ։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2011-2018 թվականներին էլ նրա կինը Ոստիկանությունում է աշխատել, ծառայողական պարտականությունները պատշաճ չի կատարել և ստացել է 19 մլն դրամ աշխատավարձ: Ըստ մեղադրանքի՝ նախկին ոստիկանապետի դուստրն էլ Ոստիկանության զորքերում է աշխատել, որևէ պարտականություն չի կատարել երեք տարվա ընթացքում ու 9 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել։

Այս մեղադրանքի վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանին լսել չհաջողվեց, իսկ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվեց «Ազատության» հարցերին պատասխանել:

Նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման, յուրացմանն օժանդակելու, պաշտոնեական կեղծիքի ու լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Գործով նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG