Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն կդիմի դատարան՝ պաշտպանելու Վանաձորի ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը


ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կդիմի դատարան՝ ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը պաշտպանելու նպատակով։ Այդ մասին «Ազատությանն» այսօր ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ավագանու թեկնածու Արմեն Եղիազարյանը։

«Լուսավոր Հայաստանին» ընդամենը 0,03 տոկոս չբավարարեց անցողիկ շեմը հաղթահարելու և Վանաձորի ավագանիում առնվազն 2 մանդատ ունենալու համար։ Կուսակցության ներկայացուցիչների հաշվարկով՝ իրենց ստացած 1314 ձայներին ընդամենը 10 քվե պակասեց անցնելու համար։

«Լուսավոր Հայաստանը» դիմել էր թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողով՝ վերահաշվարկի պահանջով։ Հանձնաժողովը երկու օր 6 տեղամասերի արդյունքները վերահաշվարկեց, սակայն արձանագրված չնչին տարբերություններն էական նշանակություն չունեցան, արդյունքներն առանձնապես չփոխվեցին. ընտրությունների նախնական արդյունքներով ավագանիում ամենաշատ թվով՝ 15 մանդատ կունենա անցած 5 տարիներին Վանաձորը ղեկավարած Մամիկոն Ասլանյանի անունով ստեղծված դաշինքը, 9 մանդատ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ Մամիկոն Ասլանյանի նախկին տեղակալ Արկադի Փելեշյանի թիմը և 2-ական մանդատ՝ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Վերահաշվարկ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում՝ ԼՀԿ-ի պահանջով
Վերահաշվարկ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում՝ ԼՀԿ-ի պահանջով

Ի՞նչ է ակնկալում «Լուսավոր Հայաստանը» դատարանից, եթե վերահաշվարկի արդյունքում ևս հօգուտ իրենց որևէ փոփոխություն չարձանագրվեց։ Կուսակցության ներկայացուցիչ Արմեն Եղիազարյանը շեշտում է՝ Վանաձորի բոլոր 63 ընտրատեղամասերի տվյալներով 12 անճշտություն է գրանցվել, 2-ով ավելի, քան ավագանիում մանդատ ունենալու համար պակասող իրենց ձայներն են։

«Այս ամենից հետո մենք արդեն մեր իրավունքները կպաշտպանենք դատարանում։ Հիմքը կհանդիսանա այն հանգամանքը, որ անճշտությունների թիվն ավելի մեծ էր, քան մեր ձայների պակաս քանակը, որ մենք կարող էինք ստանալ մանդատ, և այդ հիմքով մենք կմասնակցենք մանդատների բաշխմանը», - ասաց Եղիազարյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Եղիազարյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Եղիազարյան

«Լուսավոր Հայաստանը», որ անցած 5 տարիներին ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ուներ Վանաձորի ավագանիում, այս անգամ զրկվեց անգամ նվազագույն մանդատներ ունենալու հնարավորությունից։

Կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը պնդում է՝ ընտրություններին վարչական ռեսուրս է կիրառվել, որի հետևանքով ամենաշատ թվով ձայներ, փաստորեն, ստացել են իշխանություն ունեցողները՝ երկու ամիս առաջ համայնքապետի պաշտոնից հեռացած Մամիկոն Ասլանյանի, նրա առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և գործող մարզպետ Արամ Խաչատրյանի քաղաքական թիմերը։

«Այսինքն, ակնհայտ է, որ ՏԻՄ ընտրություններում, ամեն դեպքում, վարչական լծակները կարողանում են ի օգուտ իրենց ձևավորել ընտրապայքարը, և, հավանաբար, այս է արդյունքը։ Մենք շատ ենք խոսել նրա մասին, որ ընդդիմություն լինելով դու միշտ վատամարդ ես լինում։ Շատ դեպքերում այն հարցերը, որ մենք բարձրացնում ենք, չենք կարողանում մինչև վերջ լուծել խնդիրները, և երկու կողմն էլ նեղանում են մեզնից․ մի կողմն ասում է՝ «մեր խնդիրները չլուծեցիք», մյուս կողմն էլ ասում է՝ «մեր դեմ էիք դուք աշխատում», արդյունքում տուժում ենք մենք», - ասաց Եղիազարյանը։

Դեկտեմբերի 5-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցել է 9 կուսակցություն և մեկ դաշինք։ ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի առաջիկա կիրակի։ Դրանից մեկ շաբաթ անց տեղի կունենա նոր ձևավորված ավագանու առաջին նիստը, որտեղ 5 խմբակցությունների 33 անդամները բաց քվեարկությամբ կընտրեն համայնքի ղեկավար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG