Մատչելիության հղումներ

Ախուրյան խոշորացվող համայնքում ընտրություններին մասնակցությունն աննախադեպ ցածր էր


Ախուրյան խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնի համար 3 քաղաքական ուժ է պայքարում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Հաղթանակ և Ախուրյան» դաշինքները: Թեև ի սկզբանե 4-ն էին, սակայն Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանի գլխավորած «Իկիլիկյան» դաշինքին չգրանցեցին:

Ազատանում, որտեղ սովորաբար մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվում, այս անգամ ընտրողներն աննախադեպ պասիվ էին: Ընտրական պրոցեսներին մշտապես մասնակից 32/14 տեղամասի հանձնաժողովի նախագահ Շուրա Պետրոսյանն ասում է` մասնակցության նման ցածր ցուցանիշ հատկապես ՏԻՄ ընտրություններին երբևէ չի հիշում:

«Բնականաբար, պասիվ են ընտրությունները ՏԻՄ-ի համեմատ` որպես համայնքապետի ընտրություններ: Եղել են դեպքեր ՏԻՄ-ի ժամանակ` մենք ունեցել ենք 70-80 տոկոս մասնակցություն: Առաջին դեպքն է, որ այսպես պասիվ ընտրություն է անցկացվում իմ երկարամյա փորձից: Օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ կան, որի համար կարելի է չխոսել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Գյուղում ապրողները հիմնականում մինչև ժամը 2-ն են քվեարկում կամ 6-ից հետ, որ ընթացքում առօրյա գործերը հասցնեն: Ամեն դեպքում մասնակցության ցուցանիշը ցածր կլինի` նույնիսկ ամենապիկ ժամին ընտրողների հոսքի տվյալները վերլուծելով. «Իմ հաշվարկով` մոտավորապես 35-40 տոկոս մաքսիմում կլինի` այս դինամիկան ժամի վերածելով»:

Ազատանցիներն էլ մեզ հետ զրույցում ասում էին` թեկնածուներն իրենց սրտով չեն, բայց եկել են ընտրության:

Ախուրյանում ևս մասնակցության ցուցանիշը ցածր է: 32/01 տեղամասի հանձնաժողովի նախագահ Հայկ Ռուշանյանի համար ցածր մասնակցության պատճառներն անհասկանալի են. «Կարծում եմ` պասիվ է մասնակցությունը: Պատճառները չեմ կարող ասել»:

Մեկ անգամ խոշորացված Ախուրյանը կրկին է խոշորացվում՝ այս անգամ 35 բնակավայր միավորելով:

XS
SM
MD
LG