Մատչելիության հղումներ

«Ինձ չեմ հարգի՝ ես մեկնեմ գործուղման, երբ մյուսներն ապօրինի զրկված են այդ իրավունքից». ընդդիմադիր պատգամավոր


Խորհրդարանի երկրորդ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է, որ իշխանությունը վերացնի քրեական գործերով անցնող պատգամավորների՝ երկրից դուրս գալու արգելքը: Կասեցնում են միջազգային կազմակերպություններին մասնակցությունը, մինչև չկատարվի իրենց պահանջը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն ընդգրկված են միջազգային խորհրդարանական բոլոր պատվիրակություններում, խմբերում։ «Պատգամավորները զրկված են իրենց լիազորություններն իրացնելու հնարավորությունից, չենք հանդուրժելու սա», - սպառնում է պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Խմբակցությունը պահանջ է դնում բացել բոլորի հնարավորությունները, որպեսզի իրենք կարողանան իրենց լիազորությունները լիարժեք իրականացնել, այն, ինչ որ Սահմանադրության և օրենքների պահանջն է», - ասաց Ռուստամյանը։

Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի թիմին մեղադրում է արտաքին քաղաքականությունը ձախողելու, խորհրդարանական դիվանագիտությունը տապալելու համար, բայց միաժամանակ հրաժարվում խորհրդարանական դիվանագիտության իր լծակներից՝ միջազգային հարթակներում Հայաստանի խնդիրների ու իշխանության սխալների մասին բարձրաձայնելու հնարավորությունից։

Երկրից դուրս գալու արգելքը ոչ բոլորին է վերաբերում, ինչո՞ւ են մյուսները հրաժարվում միջազգային հարթակներում իրենց իսկ պատկերացրած դիվանագիտությամբ աշխատելու, Հայաստանի շահն առաջ մղելու հնարավորությունից։ Օրինակ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Հայաստանից դուրս գալու արգելք չունի։

«Լավ, ի՞նչ կապ ունի, Արմեն Ռուստամյանն էլ հրաժարվում է էդ իրավունքից այնքան ժամանակ, մինչև մյուսին ապօրինի զրկած իրավունքները չվերականգնվեն։ Բա Արմեն Ռուստամյանի պայքարը հենց ստեղ պետք է սկսի, ոչ թե էնտեղ, գնամ էնտեղ, ի՞նչ ասեմ», - ասաց Ռուստամյանը։

«Հայաստան» խմբակցության 29 պատգամավորից 12-ը երկրից դուրս գալու խնդրի առջև են կանգնած, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը։ Նրանք անցնում են քրեական գործերով, դատարանը պատգամավորներին թույլ չի տվել գործուղման մեկնել։

Արմեն Ռուստամյանն ասում է՝ ինքն էլ չի մասնակցի ԵԽԽՎ նիստին, քանի դեռ նույն պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը զրկված է այդ իրավունքից։ «Խմբակցության կեսին թույլ են տալիս, մյուս կեսին թույլ չեն տալիս, էն մյուս կեսը պիտի օգտվի՞ իր հնարավորություններից և որևէ ձևով չպաշտպանե՞ն ընդհանուր արժեքները, այսինքն` ո՞նց կարող է դա ընդհանրապես դիտվի: Ես ինքս որպես անձ ինձ չեմ հարգի», - ասաց պատգամավորը։

«Պատիվ ունեմ» խմբակցության յոթ պատգամավորից քրեական գործերով անցնում են երեքը՝ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Հայկ Մամիջանյանը։ «Պատիվ ունեմ»-ը միանալո՞ւ է «Հայաստան» խմբակցությանը, հարցրինք Մամիջանյանին:

«Քանի դեռ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների` առաջնային մանդատ կրողների նկատմամբ առկա է բացահայտ ապօրինի վերաբերմունք շատ ու շատ տարբեր խնդիրներով, ներառյալ աշխատանքային գործունեության սահմանափակումը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները բացառելու են քաղաքական տուրիզմի մասնակցությունը: Մեր խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու այն գործողումներին, որոնք ենթադրում են քաղաքական տուրիզմ», - ասաց նա:

ՀՀԿ-ական Մամիջանյանը շեշտում է` «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հանրապետական կուսակցությունը իշխանության տասը տարվա ընթացքում հաստատել է միջազգային կապեր թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում։ Այդ կառույցների միջոցով իրենց ասելիքը հասնում է միջազգային հարթակներ. ««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները թե կուսակցական դիվանագիտության, թե այդ` խորհրդարանական դիվանագիտության մեզ հասու լծակներով օգտագործել, օգտագործում և օգտագործելու են մեր երկրի շահերն առաջ տանելու համար»:

Միջազգային կազմակերպություններում աշխատանքը բոյկոտելը խոսում է այն մասին, որ ընդդիմադիրների նպատակը պետության շահերն սպասարկելը, համակարգային լուծում գտնելը չէ, կարծում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանը։ Երկրից դուրս գալու արգելքը նիստերին մասնակցելու խոչընդոտ չէ, եթե ուզենային, հեռավար էլ կմասնակցեին, ասում է նա. «Գործուղումները բացարձակապես խոչընդոտ չեն միջխորհրդարանական և միջազգային հարթակներում Հայաստանի շահերը ներկայացնելու համար»:

Իսկ գուցե բոլոր պատգամավորներին հնարավորություն տրվի մեկնել երկրից՝ մասնակցելու միջազգային պատվիրակությունների նիստերին, իշխանական պատգամավորը հարցին պատասխանում է` իր օրինակը հիշեցնելով` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցել է հեռավար:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ է այս պատվիրակությունում: Երկրից դուրս գալու հարց չկար, բայց չի մասնակցել:

XS
SM
MD
LG