ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել։
Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կասկածանքով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու կասկածանք)։
Թե՛ Մանուկյանը, թ՛ե Բաբայանը մեղադրանքը չեն ընդունում։
Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալով նրանք լրագրողներին հայտնեցին, որ հրաժարվել են նաև ցուցմունք տալուց։
Այս նույն հոդվածով մեղադրանք է առաջադրված նաև Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանին, Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ նրանք բոլորն էլ մասնակցում են վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին։