Մատչելիության հղումներ

Չպատվաստված աշխատողներն այսօրվանից քովիդի թեստի պատասխան պետք է ներկայացնեն 7 օրը մեկ անգամ


Առողջապահության նախարարի հրամանով չպատվաստված աշխատողներն այսօրվանից գործատուին կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան պետք է ներկայացնեն 7 օրը մեկ անգամ` նախկին`14 օրվա փոխարեն։ Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի գնահատմամբ՝ սա կարող է նպաստել պատվաստումների թվի ավելացմանը:

Մասնագետը միևնույն ժամանակ ընդգծում է՝ առաջին հերթին քայլեր պետք է ձեռնարկվեն ռիսկի խմբում գտնվողներին, տարեցներին պատվաստելու համար։

«Եթե մենք նայենք ստրուկտուրան, պատվաստվածների մեջ շատ մեծ տեսակարար կշիռ են կազմում հենց աշխատող մարդիկ, ում վրա կարողանում ենք ազդել, բայց պետք է շատ լուրջ մտածել նաև ռիսկի խմբին, այսինքն` տարեցներին, քրոնիկական հիվանդներին բերել պատվաստման դաշտ, և իհարկե, այն մարդկանց, որոնք գրանցված աշխատողներ չեն, օրինակ` գյուղատնտեսությամբ զբաղվող Հայաստանի մի քանի հարյուր հազար քաղաքացիներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Առողջապահության նախարարն այսօր հաստատել է նաև COVID-19-ի դեմ խթանիչ՝ բուստեր դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը, ըստ որի՝ ամբողջական պատվաստումից հետո քովիդով հիվանդացած և առողջացած քաղաքացին 6 ամիս անց կարող է նույն կամ այլ պատվաստանյութի ևս մեկ դեղաչափ պատվաստվել, առաջնահերթությունը տրվելու է ռիսկի խմբերի անձանց։

Նախարարությունը նշում է նաև, որ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել այլ պատվաստանյութով՝ համաձայն իր դիմումի և գրավոր համաձայնության:

«Վերապատվաստման համար, այսինքն՝ խթանիչ դեղաչափը ստանալու համար մենք սահմանել ենք վեցամսյա ժամկետ, այսինքն` քաղաքացին երկրորդ դեղաչափը ստանալուց հետո վեց ամիս հետո կարող է մոտենալ, ինչպես որ այն երկու դեղաչափն էր ստացել և ստանալ խթանիչ դեղաչափը` բուստերը», - ներկայացրեց նախարար Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարությունը վերջին օրերին խոսում է նոր խստացումների մասին։ Հունվարի 1-ից նախատեսվում է հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստումը հավաստող փաստաթղթով:

Հանրային առողջության մասնագետ Մելիք-Նուբարյանը, սակայն, կարծում է՝ այս մեկ ամսվա ընթացքում լուրջ ուսումնասիրություն է պետք անել՝ արդյոք իշխանությունները հնարավորություն ունենալու են կամ կարողանալու են պատշաճ վերահսկողություն իրականացնել, հակառակ դեպքում սա հերթական թղթի վրա մնացած որոշումը կդառնա. «Մտավախություն կա, որ դրա կիրառելիության նկատմամբ վերահսկողություն սահմանել ուղղակի հնարավոր չի լինի, դա էլ կբերի նրան, որ որոշումը կմնա թղթի վրա, մարդիկ մի բան կլսեն, բայց իրական կյանքում ուրիշ բան կտեսնեն, և ընդհանուր առմամբ սա որոշակի անվստահություն կառաջացնի ընդհանուր հակահամաճարակային պայքարի միջոցառումների նկատմամբ: Իսկ դա մեզ այսօր պետք չէ` հաշվի առնելով նաև նոր ի հայտ եկած վարակի տեսակները»:

Հայաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է ապրիլից, ամբողջական պատվաստում ստացել է բնակչության ընդամենը 15 տոկոսը, ինչը տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներից մեկն է։

Վրաստանում սկսել է գործել «կանաչ անձնագրի» համակարգը

Եթե Հայաստանում ծրագրում են հունվարի 1-ից նոր սահմանափակումներ մտցնել, ապա հարևան Վրաստանում, որտեղ բնակչության 25 տոկոսն է պատվաստված, այսօրվանից այսպես կոչված` «կանաչ անձնագրի» համակարգն է գործում։ Ի՞նչ է սա նշանակում։ Փակ և բաց հանրային բոլոր վայրեր կարող են այցելել միայն ամբողջական պատվաստված քաղաքացիները, վերջին 6 ամսվա ընթացքում քովիդից ապաքինվածները, ՊՇՌ թեստի բացասական արդյունք ունեցողները, որոնց «կանաչ» կարգավիճակ տրվում է միայն 72 ժամով, իսկ Antigen-rapid թեստի բացասական պատասխան ունեցողներին՝ 24 ժամով։

Վերջին օրերին մի շարք երկրներում տարածվում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր շտամը` «օմիկրոնը», որը նախնական գնահատականներով` ավելի արագ է տարածվում։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Հայաստանում այն դեռևս չի հայտնաբերվել, միջոցներ են կիրառվում դրա ներթափանցումը կանխարգելելու նպատակով. աֆրիկյան մի շարք երկրներից Հայաստան մուտքը սահմանափակվել է։ Այս շտամը առաջինը հայտնաբերվել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում։



Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG