Երեկ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում այդպես էլ չկայացավ, թեև պաշտոնական Երևանը չէր բացառել դրա հնարավորությունը։
Եթե չկայացած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարի խոսնակը չխոսեց պատճառներից ու միայն շեշտեց, որ «հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից», ապա այսօր ավելի ուշ արդեն Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե Բաքուն նպատակահարմար չի համարել երկու երկրների նախարարների հանդիպման անցկացումը։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան որպես այդ որոշման պատճառ մատնանշել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Ստեփանակերտ՝ մասնավորապես նշելով. - «Դեկտեմբերի 3-ին նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ Հայաստանը սադրանք է իրականացրել։ Այսպես, տեղեկություններ են հայտնվել Հայաստանի խորհրդարանականների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքներ ապօրինի այցի հետ կապված։ Այսպիսով, ադրբեջանական կողմը, ի պատասխան Հայաստանի այդ սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկացումը»։
Համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով երեկվանից Ստեփանակերտում են խորհրդարանի գիտության ու կրթության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, իշխանական պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Հակոբ Ասլանյանը, Կնյազ Հասանովը, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը։ Նրանց հետ կապ հաստատել մեզ ողջ օրվա ընթացքում չհաջողվեց։
Պատվիրակության կազմում է եղել, սակայն առողջական խնդիրների պատճառով վերջին պահին մեկնել չի կարողացել «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը։
«Բաքուն գլուխը պատին է տվել, եթե իրեն թվում է, թե ինքը պետք է որոշի Հայաստանի Ազգային ժողովի ընտրակարգը և որոշի, թե այցը ապօրինի է, թե ոչ, որովհետև այդպիսի հաստատում կար, որ մեր Ազգային ժողովի պատվիրակության այցը ապօրինի է: Մեր Ազգային ժողովի ու Արցախի Ազգային ժողովի միջև հարաբերությունները եղել են և շարունակելու են լինեն: Դրանք ծառայելու են հայ ժողովրդի հավաքական շահերին», - ասաց Գալստյանը:
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ արտգործնախարարների չկայացած հանդիպումը ավելի շուտ հետևանք է պետությունների ղեկավարների եռակողմ անարդյունք և փոխվարչապետերի ձախողված հանդիպումների։ Իսկ պատգամավորների Արցախ այցը ավելի շուտ պատրվակ էր Ադրբեջանի համար:
«Դրանից հետո մենք տեսանք, որ չկայացավ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը», - նշեց Պողոսյանը:
Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը սուր է արձագանքում Հայաստանցի պաշտոնյաների Արցախ այցերին։ 44-օրյա պատերազմից հետո նախ ԱԳ նախարար Արա Այվազյանի այցը Ադրբեջանը սադրանք ու լարվածություն հրահրելու փորձ որակվեց: Իսկ վերջին անգամ Հայաստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանի այցից հետո ոչ միայն դատապարտող հայտարարություններ եղան, այլ նաև իրավիճակը սահմանին բավականին սրվեց։
Նկատենք, որ վարչապետ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո դեռ ոչ մի անգամ Արցախ չի այցելել։
«Հայաստանի Հանրապետության առջև դրվել է պահանջ և այդ պահանջը բանավոր բավարարվել է, որ այո, ես որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար պարտավորվում եմ այլևս երբեք Արցախ չայցելել: Այսինքն՝ Փաշինյանի առջև դրվել է պահանջ, նա այդ պահանջին համաձայնվել է կարծում եմ դեռ մոտավորապես 13 ամիս առաջ, այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 8-9-ին», - ընդգծեց քաղաքագետը:
Այս ամենը Պողոսյանը որակում է որպես ռազմական շանտաժ ու ճնշում Ադրբեջանի կողմից։ Նպատակը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն ու Հայաստանի տարածքով միջանցք ստանալն է համարում. - «Այդ ռազմական շանտաժի քաղաքականությունը շարունակվելու է այն քան ժամանակ, քանի դեռ կա՛մ Հայաստանի Հանրապետությունը չի տվել իր համաձայնությունն Ադրբեջանի պահանջներին, կա՛մ քանի դեռ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց չեն տվել, որ Ադրբեջանի ռազմական շանտաժը չի աշխատում»:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկու անգամ են հանդիպել, արտգործնախարարները՝ երեք։