Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի՝ երեկվա հանդիպումից հետո «այսօր հայտարարություն չի նախատեսվում»


Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի՝ երեկվա հանդիպումից հետո այսօր չի նախատեսվում հայտարարություն, «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ հավելելով՝ առաջիկա օրերին փոխվարչապետերի՝ երեկ ընդհատված նիստը կշարունակվի։

«Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն», - մասնավորապես տեղեկացրել է փոխվարչապետի գրասենյակը։

Այս պահին, սակայն, չի հստակեցվում հաջորդ հանդիպման օրն ու վայրը։

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում և կհայտարարեն որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք երկրների առաջնորդները համաձայնության են եկել:

Պուտինը նաև նշել է, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ «Մենք շատ մանրամասն խոսեցինք տնտեսական միջանցքների, առաջին հերթին՝ երկաթուղային և ավտոճանապարհների ապաշրջափակման մասին», - ասել է Ռուսաստանի նախագահը։

XS
SM
MD
LG