Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորականները սպանել են Ճարտարի 65-ամյա բնակչին. Արցախի ԱԱԾ


Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Ճարտարի բնակչին, հայտարարում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Ճարտարի բնակչին, հայտարարում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։

Ըստ գերատեսչության, այսօր ժամը մեկի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Սարգսյանին դիտավորությամբ կյանքից զրկել են։

Տեղեկությունը հաստատել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ՝ «սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է»։

Այսօր ցերեկը Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե Ճարտարի բնակիչը մոլորվել ու հայտնվել է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, դեպքի մասին հաղորդել են ռուսական կողմին, բանակցություններ են ընթանում նրան վերադարձնելու ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը այսօր Մարտունու ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բոլորովին այլ սցենար էր ներկայացրել։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե այսօր կրկին նույն ժամին՝ 13։00-ին, Մարտունու շրջանում ադրբեջանցի զինծառայողը հարձակման է ենթարկվել ծագումով հայ անձի կողմից։ Ինքնապաշտպանության նպատակով ադրբեջանցի զինծառայողը կրակ է արձակել օդ, ապա չեզոքացրել է տղամարդուն։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ևս հաղորդել էր, թե դեպքի մասին տեղեկացրել են տեղեկացրել են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, նաև հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնին։

Ճարտարի քաղաքապետն այսօր ավելի վաղ «Ազատությանը» պատմել էր, որ տարեց բնակիչը մոտ 30 տարի անասնապահությամբ էր զբաղվում. - «Սեյրան Սարգսյանը էդ տարածքում անասուն ա պահում։ Հիմա ադրբեջանցիները էդ տարածքի հիմնական մասը վերցրել են։ Մի քանի օր առաջ էլ 4 անասուն ա տեղով անցել է էն կողմը, էլ հետևից գնացող չի լինում, ռուսներն էլ գնում են, որ մի բան անեն, էն էլ ասում են՝ չեն անցել, չես կարա ապացուցես»։

Ավելի վաղ Մարտակերտի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից սպանվել էր 55-ամյա մի խաղաղ բնակիչ, հետո էլ Շուշիում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացու սպանությունը տեղի ունեցավ։

XS
SM
MD
LG