Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանն այսօր, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունենալու, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում:

Երեկ Ստոկհոլմում երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել էին ջանքերի համակարգումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատելու համար, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում:

Նախագահներ Պուտինի և Էրդողանի այսօրվա հեռախոսազրույցի հիմնական ինտրիգը ուկրաինական թեման է: Արդյոք Մոսկվան կհամաձայնի՞, որ Անկարան միջնորդ դառնա ռուս-ուկրաինական լարված հարաբերություններում, այս հարցին դեռ միանշանակ պատասխան չկա: Մոսկվայից հնչող հայտարարությունները իրարամերժ են:

Թուրքական կողմն ակնկալում է հստակություն այս հարցում, այսօրվա հեռախոսազրույցից հետո, երեկ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Պաշտոնական Անկարան պնդում է, թե փաստացի նրանք արդեն բանակցում են Մոսկվայի և Կիևի հետ. - «Ավելի վաղ մենք արդեն շատ կարևոր դեր ենք ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների զարգացման գործում, ինչպիսին կլինեն հարաբերությունների կարգավորման աջակցության նոր հեռանկարները, ամենայն հավանականությամբ, կիմանանք վաղը՝ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների բանակցություններից հետո»:

Մոսկվան Թուրքիայի նախագահի երկու օր առաջ հնչեցրած միջնորդությանը միանգամից բացասական արձագանքեց. թե՛ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, թե՛ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեցին, որ նման միջնորդությունն անիմաստ է, քանի որ Մոսկվան Ուկրաինայի արևելքում հակամարտության մասնակից չէ: Սրա հետ մեկտեղ Լավրովը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Էրդողանի նախաձեռնությունը կքննարկվի Պուտին-Էրդողան այսօր նախատեսված հեռախոսազրույցի ժամանակ:

Մոսկվան դեռ հստակ պատասխան չի տվել նաև Էրդողանի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու առաջարկին, մինչդեռ պաշտոնական Կիևը ողջունել է այս նախաձեռնությունը:

Անկարայի և Կիևի հարաբերությունները ակտիվ զարգանում են նաև ռազմարդյունաբերական ոլորտում, կողմերը խոսում են այդ հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին, Անկարան ցանկացած առիթ բաց չի թողնում հայտարարելու, թե չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում: Ի դեպ՝ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը նաև հայտարարել է, թե փետրվարին, ամենայն հավանականությամբ, Էրդողանը կայցելի Ուկրաինա:

Կիևից և Անկարայից հնչող այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանում ակտիվ քննարկում են եթե ոչ հակաթուրքական, ապա Թուրքիայից եկող վտանգների մասին հարցեր: Օրինակ՝ դեկտեմբերի 1-ին Դաշնային խորհրդում արտգործնախարար Լավրովին տված հարցերի զգալի մասը վերաբերում էր հենց Թուրքիայից եկող վտանգներին՝ Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ռուսաստանի համար ամենակարևորը՝ Ուկրաինայում: Պաշտոնական Մոսկվան, սակայն, շարունակում է պնդել, որ շատ լավ հարաբերություններ ունի Անկարայի հետ և հաջողությամբ հարթում է բոլոր տարաձայնությունները:

XS
SM
MD
LG