Առողջապահության նախարարն արդեն տևական ժամանակ է` հարկ չի համարում բացատրել, թե ինչ նպատակով է բժշկական հրատապ դեպքերի համար նախատեսված Սանավիացիայի ուղղաթիռով մեկնել Սյունիք և Տավուշ։ «Ազատության» հարցին՝ հարկատուների հաշվին ուղղաթիռով կարող եք մեկնել, սակայն չե՞ք ցանկանում մանրամասնել, այսօր պատասխանեց. «Հարկ չեմ համարում, որովհետև նաև, չէ, չեմ համարում։ Ես մանրամասնեցի այն չափով, ինչ որ հարմար եմ գտնում»։
Նախարարը այսօր ևս մեկ անգամ կրկնեց՝ ուղղաթիռները գործիք են, որոնք շտապ դեպքերում օգտագործվել ու օգտագործվելու են. «Իմ այցի նպատակը եղել է որոշակի առումով տվյալ իրավիճակում մի շարք առողջապահական հարցերի արագ կազմակերպման, արձագանքման հարցը»։
«Ազատությունն» ավելի վաղ գրավոր հարցում էր ուղարկել, նախարարությունից նշել էին միայն, որ Անահիտ Ավանեսյանը Սանավիացիայի ծառայության միջոցով Տավուշի և Սյունիքի մարզեր մեկնող մասնագետների խմբին է միացել երկու անգամ, ինչը գործուղում չէ։ «Այո, ծառայությունից օգտվելու նպատակահարմարությունը պայմանավորված է եղել հարցի հրատապությամբ։ Հավելյալ որևէ ծախս չի իրականացվել»,- ասված էր նախարարության պատասխանում։
Գերատեսչությունը չէր հստակեցրել, սակայն, թե որն էր այցի նպատակը, ինչու էր այն հրատապ, և արդյոք հնարավոր չի եղել մարզեր մեկնել ծառայողական մեքենայով։ Չէին պատասխանել նաև հարցին, թե որքան գումար է բյուջեից հատկացվել այդ ուղևորությունների համար։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է՝ որպես հանրային պաշտոնյա նախարարը պարտավոր է բացատրել գործուղման նպատակը. «Սա նաև էթիկական խախտում է, այսինքն՝ դուք ո՞վ եք, որ ես ձեզ բացատրեմ` ինչու եմ գնացել, մի կողմ թողած, որ հանրային փողեր են, որպես հանրային պաշտոնյա` էթիկայի խնդիր եմ համարում, որ զուտ արհամարհական վերաբերմունք դեպի որոշակի ինստիտուտների նկատմամբ, տվյալ դեպքում լրատվամիջոցների»։
Փորձագետը չի հասկանում, թե նախարարը ինչու համառորեն չի բացատրում այցի նպատակն ու դրա հնարավոր հրատապությունը, ասում է՝ եթե պետական գաղտնիք է, ապա գոնե պետք է հստակ այդպես էլ նշվի։
Նախարարության պաշտոնական կայքում որևէ հրատապ այցի մասին հաղորդագրություն գտնել «Ազատությանը» չի հաջողվել։ Մայիսի 17-ին Տավուշ այցի մասին կար հաղորդագրություն, որում, սակայն, ոչինչ չկար հրատապության մասին. հանդիպում մարզպետարանում, քննարկում պատվաստումների վերաբերյալ, այց «Տավուշ» բժշկական կենտրոն։
Նախարարի այս ուղևորություններն այժմ ուսումնասիրվում են ոստիկանությունում։ «Ազատությանն» այսօր միայն փոխանեցին, որ շարունակում են ստուգումներ իրականացնել։
Առողջապահության նախարարից այսօր հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ոստիկանությունից կապվել են իր հետ, հարցրե՞լ են, թե ինչ նպատակով է օգտագործել «Սանավիացիայի» ուղղաթիռը։
«Ո՛չ, որևէ մեկն այս պահին ինձ նման հարց չի ուղղել», - ասաց Անահիտ Ավանեսյանը։
Սանավիացիան Հայաստանում ներդրվել է 2019 թվականին՝ պաշտոնական պարզաբանման համաձայն, կյանքեր փրկելու և հիվանդներին հաշված ժամերի ընթացքում հեռավոր մարզերից Երևան տեղափոխելու համար։ Այս ուղղաթիռով տեղափոխելու դեպքերի ցանկը Առողջապահության նախարարությունն է սահմանել։ 8119-ից պարզաբանել էին՝ պետպատվերը կիրառվում է միայն բժշկի ցուցումով և հետևյալ հիվանդությունների դեպքում՝ գանգուղեղային և ողնաշարային ծանր վնասվածքներ, այսինքն՝ տրավմաներ, պոլիտրավմաներ, կյանքին սպառնացող վիճակ, հղիներ և ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում։
Եթե քաղաքացին պետպատվերից դուրս ցանկանա օգտվել Սանավիացիայից, ապա թռիչքի մեկ րոպեն կարժենա 12 հազար դրամ, ստացվում է մեկ ժամը ավելի քան 700 հազար դրամ։ Երևանից Սյունիք ուղղաթիռով թռիչքը մոտավորապես մեկ ժամ է տևում։