Մատչելիության հղումներ

Իրարամերժ հայտարարություններ Մոսկվայից Էրդողանի՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցում միջնորդի դեր ստանձնելու առաջարկի մասին


Պաշտոնական Մոսկվան իրարամերժ հայտարարություններ է անում Թուրքիայի նախագահի՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցում միջնորդի դեր ստանձնելու անսպասելի առաջարկության մասին։

Մի կողմից ասում է, թե Ռուսաստանը Դոնբասում հակամարտության կողմ չէ, այսինքն սա ներուկրաինական խնդիր է և Էրդողանի առաջարկը անիմաստ է, ինչպես, օրինակ, երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն էր հայտարարել, մյուս կողմից հայտարարում է, թե Պուտին-Էրդողան երկու օրից կայանալիք հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կքննարկեն նաև իրավիճակը Ուկրաինայում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայանալիք հեռախոսազրույցի մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը:

«Կրեմլը՝ ի դեմս նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, արդեն արձագանքել է՝ ասելով, որ մենք հակամարտության կողմ չենք։ Այժմ հետևում ենք, թե ինչպես է թուրքական մամուլն արձագանքում այդ հայտարարություններին և մեր նախագահի մամուլի խոսնակի արձագանքին։ Նախատեսվում է մեր առաջնորդների հեռախոսազրույցը։ Կարծում եմ՝ այդ հարցերը նույնպես կքննարկվեն», - նշել է Լավրովը։

Ընդ որում՝ Սերգեյ Լավրովի այս հայտարարությունից րոպեներ առաջ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ավելի կոշտ հայտարարություն արեց՝ ասելով. - «Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող»:

Թուրքիայի արտգործնախարարը մինչդեռ ոչ միայն ասում է, թե Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ամենայն հավանականության կքննարկեն Ուկրաինան, այլ նաև պնդում է, որ Անկարան փաստացի արդեն զբաղվում է ռուս-ուկրաինական հակամարտությամբ:

«Մենք կապի մեջ ենք երկու կողմերի (Ռուսաստանի և Ուկրաինայի) հետ, և մենք հանդես ենք գալիս լարվածության թուլացման օգտին։ Վերջերս ես բանակցություններ եմ վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Ուրբաթ օրը մեր նախագահը պատրաստվում է բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ», -Ռիգայում ՆԱՏՕ անդամ արտգործնախարարների նիստի շրջանակներում այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ մեկնաբանել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածությունը։

Բացի այդ, Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել Լավրովի և Կուլեբայի հետ Ստոկհոլմում դեկտեմբերի 2-ից- 3-ը կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ին, Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման հարցում, ավելին՝ առաջարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթաժողով կազմակերպել։ Նա նշել էր, թե թուրքական կողմը մտադիր է շարունակել քննարկումները երկու կողմերի հետ և «հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին»:

Պաշտոնական Կիևը Էրդողանի այս հնարավոր միջնորդությունը ողջունել է, Մոսկվան էլ սկզբից հայտարարեց, որ անիմաստ նախաձեռնություն է, հետո էլ, թե Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ այդ նախաձեռնությունը կքննարկեն:

Էրդողանը մի կողմից պարբերաբար ասում է, որ բարեկամական վստահելի հարաբերությունների ունի «մեծարգո Պուտինի» հետ, մյուս կողմից պաշտոնական Անկարան հայտարարում է, թե չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Ավելին՝ Պուտին-Էրդողան բարեկամության ֆոնին ակտիվ զարգանում են թուրք- ուկրաինական, այդ թվում՝ ռազմարդյունաբերական հարաբերությունները։ Այսպես ՝ Ուկրաինան ոչ միայն ձեռք է բերել թուրքական անօդաչու սարքեր, այլ վերջերս նաև կիրառել է այդ «Բայրաքթար»-ները Դոնբասում։

Իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին չափազանց լարված է հատկապես վերջին ամիսներին, ուկրաինական կողմը և Արևմուտքը հայտարարում են, որ Ռուսաստանը մեծ ուժեր է կուտակել սահմանին, պնդելով, թե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վտանգը իրական է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG