Մատչելիության հղումներ

Իրանը և գերտերությունները դրական են գնահատում Վիեննայի հանդիպումը


Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Ալի Բաղերին զրուցում է լրագրողների հետ, Վիեննա, 29-ը նոյեմբերի, 2021թ.
Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Ալի Բաղերին զրուցում է լրագրողների հետ, Վիեննա, 29-ը նոյեմբերի, 2021թ.

Նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել միջուկային ծրագրի հարցով Իրանի և միջազգային գերտերությունների համատեղ հանձնաժողովի նիստը:

Բանագնացների նպատակն է վերականագնել 2015 թվականի միջուկային համաձայնությունը, որն Իրանը կնքել է «5+1» անվամբ խմբի հետ: Դրանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Չինաստանը, գումարած եվրոպական գերտերություն Գերմանիան:

Վիեննայում աշխատել է «4+1» ձևաչափը, քանի որ բանակցությունների այս փուլին Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չունի, սակայն դիվանագիտական խողովակներով ակտիվորեն ներգրավված է:

Երեկվա քննարկումների մասնակիցներն ընդհանուր հաշվով դրական են գնահատում հանդիպումը:

«Ինձ շատ է ոգևորել այն, ինչ այսօր տեսա համատեղ հանձնաժողովում: Ակնհայտ է, որ կա խնդրով զբաղվելու կամք, բոլոր պատվիրակությունները ցանկանում են հասկանալ Իրանի տեսակետը, որը ներկայացնում է այդ երկրի նոր բանագնացը, ակնհայտ է նաև, որ Իրանն էլ է ցանկանում ներգրավվել բանակցություններում և վերականգնել միջուկային համաձայնությունը», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի աշխատակազմի ղեկավար, բանագնաց Էնրիկե Մորան:

Վիեննայի հանդիպմանը դրական գնահատական է տվել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակը:

«Կարծում եմ, ինքնին լավ է, որ «4+1» խմբի բոլոր երկրներն ընդունել են Իրանի օրինական պահանջը և համաձայնել են, որ նախ պետք է ուշադրության կենտրոնում դնել և հստակեցնել մեր ժողովրդի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած ապօրինի պատժամիջոցների հարցը: Եվ միայն դրանից հետո է հնարավոր քննարկել, գնահատել ու որոշումներ ընդունել մնացած հարցերի վերաբերյալ», - ասել է միջուկային խնդրով Իրանի ավագ բանագնաց Ալի Բաղերին:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ,Վաշինգտոնը 2018 թվականին դուրս է եկել 2015-ի միջուկային պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները:

Դրան ի պատասխան՝ Իրանը վերականգնել է միջուկային ծրագիրը, այդ թվում՝ ուրանի հարստացումը:

Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենն առաջարկել է ինչ-որ եղանակով վերականգնել պայմանագիրը: Բայդենն ասել է, որ ամերիկացիները պատրաստ են թուլացնել պատժամիջոցները, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը:

Թեհրանն էլ, իր հերթին, պնդում է, թե պատրաստ է դա անել, բայց նախ Վաշինգտոնը պետք է հրաժարվի պատժամիջոցներից:

Երեկ Վիեննայում Իրանի և միջազգային գերտերությունների համատեղ հանձնաժողովի 7-րդ հանդիպումն էր: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել քննարկումները:

XS
SM
MD
LG