Միացյալ Նահանգները համակարծիք է Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ՝ Իրանին միջուկային գործարքին վերադարձնելու հարցում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է CNN-ին տված հարցազրույցում խոսել այս մասին՝ նշելով, սակայն, թե պարզ չէ՝ արդյոք Թեհրանը պատրաստ է կրկին միանալ բանակցություններին:
Օրերս Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչ արեցին Իրանին վերսկսել 2015 թվականի միջուկային համաձայնագրի կատարումը՝ «վտանգավոր էսկալացիայից խուսափելու համար»:
Համաձայնագիրը, որով Իրանը սահմանափակել էր իր միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց, չեղյալ հայտարարվեց 2018 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի խզեց այն, ինչն էլ ստիպեց Թեհրանին խախտել ուրանի հարստացման սահմանափակումները:
Իրանի արտաքին գործերի նախարարը երեկ հայտարարել է՝ եթե Միացյալ Նահանգները լուրջ վերաբերվի համաշխարհային տերությունների հետ Թեհրանի միջուկային համաձայնագրին, ապա նախագահ Ջո Բայդենը կարող է պարզապես այն իրականացնելու հրաման տալ։