Մատչելիության հղումներ

Գյումրի-Կարս երկաթուղին ու միջպետական ճանապարհը նույնիսկ եթե գործարկվեն, պիտի հիմնանորոգվեն, ասում են տեղացիները


Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման մասին քննարկումներին ուշադրությամբ հետևում են նաև Թուրքիայի հետ սահմանին գտնվող Ախուրիկ գյուղում։ Հենց այս համայնքով են անցնում Գյումրի-Կարս երկաթուղին ու միջպետական ճանապարհը:

Այս տարի կառավարությունը հիմնանորոգել է դեպի Թուրքիայի սահման գնացող Մ7 միջպետական ճանապարհի՝ Ոսկեհասկ-Ախուրիկ գրեթե անանցանելի հատվածը: Թեև խոսակցություններ էին շրջանառվում, որ մինչև թուրքական սահման ճանապարհը հիմնանորոգվել է, այդուհանդերձ Ախուրիկից դեպի սահմանապահ ուղեկալ տանող ճանապարհը շարունակում է դժվարանցանելի մնալ: Ախուրիկցիները երբևէ չեն հիշում, որ ավտոմոբիլային ճանապարհով երկու երկրների միջև հաղորդակցություն լինի:

«Որպես այդպիսին չի գործել Մ7 մայրուղին, ավտոմոբիլների համար չի գործել: Այստեղից սահման ընդամենը, եթե ոտքով գնանք, մի երևի 20 րոպե քայլենք, մեքենայով 5-7 րոպեի ժամանակահատվածում մենք արդեն կլինենք սահմանում: Սահմանը շատ մոտ է», - ասում է Մարզպետ Սարգսյանը:

Գյումրիից Կարս 62 կմ է, սակայն Թուրքիայի հետ փակ սահմանների պարագայում 30 րոպեի փոխարեն Կարս հասնելու համար կպահանջվի 6 ժամ՝ 233 կմ ճանապարհը նախ հայ-վրացական, հետո վրաց-թուրքական սահմանը հատելով: Ի տարբերություն ավտոմոբիլային ճանապարհի՝ երկաթուղին խորհրդային տարիներին գործել է՝ հիմնականում բեռնափոխադրում իրականացնելով: Հայաստանի անկախացումից հետո մինչև 1993 թվականի նոյեմբեր Գյումրի-Կարս երկաթուղով նույնիսկ մեկ վագոն մարդատար է աշխատել:

Գառնիկ Մելքոնյանը գյուղի միակ երկաթուղայինն է, ով հիշում է, թե ինչպես էր գործում երկաթուղային կապը Հայաստանի ու Թուրքիայի միջև. «Եղել է համ ապրանքափոխանակում, համ էլ տուրիստական ուղևորություն: Մի 30-35 րոպե տամոժնին չհաշված, տուրիստական ուղևորափոխադրում էլ կար շաբաթական երկու օր մեկ վագոնից բաղկացած ուղևորափոխադրումը: Նորմալ ձևով կգնային, կգային տուրիստ որպես»:

Երկաթուղայինից «Ազատությունը» հետաքրքրվեց, թե ինչ ապրանքներ են ներմուծել ու արտահանել: «Մեքենաներ կգային կանտենեռով փակ, առաջվա պես չէր էլի, մեր մոտից էլ կտանեին հիմնականում Ռուսաստանի ապրանքներ` պարարտանյութ, կաշի, այդ ձևի բաներ, մակուլատուրա թղթի»:

2008 թվականին, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ֆուտբոլային դիվանագիտությունը, Գյումրի-Կարս երկաթգիծը հայկական կողմում հիմնանորոգվեց, սակայն այդպես էլ մնաց չգործարկված։ Եթե այս դեպքերից 13 տարի անց որոշվի բացել սահմանները, ապա կրկին աշխատանքների կարիք կլինի, ասում է երկաթուղայինը. «Ոչ կայարանն է պատրաստ ընդունելու, ոչ էլ ճանապարհը Հայաստան-Թուրքիա, միակողմանի ճանապարհ է, որն ունակ չէ գնացք ընդունելու, լրիվ գծերը պիտի փոխվեն»:

Ճանապարհների ապաշրջափակման հնարավորության մասին քննարկումները մտահոգում են ախուրիկցուն, ասում է՝ ավելի լավ է վերագործարկել ոչ թե հայ-թուրքական, այլ հայ-ռուսական երկաթուղին. «Եթե բացվի, Աբխազիայի, Վրաստանի տարածքով երթևեկեն Ռուսաստան, դա ավելի լավ կլինի, մեր տնտեսությունն ավելի շատ կզարգանա, քան Թուրքիայով: Ճիշտ է` Թուրքիայինն էլ եվրոպական երկրների հետ կապեր կլինեն, բայց դե մի քիչ անորոշ է, կարող է թուրքը բացի, ամիս հետո նորից փակի, իր ձեռքում է»:

Շուրջ 280 կիլոմետրանոց հայ-թուրքական սահմանը Թուրքիայի նախաձեռնությամբ փակ է առաջին ղարաբաղյան պատերազմի շրջանից՝ 1993 թվականից։

XS
SM
MD
LG