Conflict Intelligence Team-ի վերլուծաբանները նոր լուսանկարներ և տեսանյութեր են գտել, որոնք վկայում են դեպի Ուկրաինայի սահման ռուսական զորքի և ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին։ Մասնագետները զինտեխնիկայի փոխադրում են նկատել Վորոնեժի շրջանում, ինչպես նաև Ստավրոպոլից դեպի Ղրիմի կողմ։
«Հարկ է նշել, որ դեպի Ուկրաինայի սահման բացի զորքից ամենայն հավանականությամբ փոխադրվում է նաև տեխնիկա, ընդ որում՝ մտահոգիչ քանակի», - ասվում է հրապարակման մեջ։
Ռուսաստանցի անկախ բլոգերներից կազմված թիմը, որն զբաղվում է զինված հակամարտությունների հանգամանքների հետաքննությամբ, նշում է, որ ռուսաստանյան զորքի փոխադրումը տեղի է ունենում համեմատաբար դանդաղ, սակայն այդ տեմպերով մինչև հունվար շարունակվելու դեպքում զորքի թիվը սահմաններին և Ղրիմում էականորեն կգերազանցի ապրիլյան ցուցանիշները։
Մի քանի շաբաթ է Կիևը պնդում է, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն արդեն քանիցս հրապարակավ մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ՝ պահանջելով Մոսկվայից հստակեցնել իր մտադրությունները։
Կրեմլում հերքում են Ուկրաինայի տարածք ներխուժելու որևէ նախապատրաստություն և պնդում, թե սեփական զորքի տեղաշարժը սեփական երկրի տարածքում որևէ մեկին չպետք է մտահոգի։