Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 592-ով, բուժվածներինը՝ 1217-ով, գրանցվել է մահվան ևս 40 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 592-ով՝ հասնելով 336 հազար 330-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 40 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1217-ով և հասել 311 հազար 78-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 666 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 334 հազար 501-ի:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 419-ի, ևս 1412 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 421 մարդ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ 1 միլիոն 168 հազար 501 պատվաստում, առաջին դեղաչափը ստացել է 761 հազար 820 քաղաքացի կամ մեծահասակ բնակչության 38,1 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 406 հազար 681 քաղաքացի կամ բնակչության 20 տոկոսը։ Ավանեսյանի փոխանցմամբ՝ ակտիվ դեպքերի մեջ պատվաստվածների թիվը 1269 է կամ ընդամենը 3,6 տոկոսը։

Ինչպես նախարարը, այնպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեցին, որ պատվաստման հետևանքով բարդության՝ հիշատակման արժանի ոչ մի դեպք երկրում չի գրանցվել։

Արցախում՝ կորոնավիրուսի 85 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է մահվան 3 դեպք՝ 65-ամյա և 73-ամյա կանայք, 88-ամյա տղամարդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 129 վարակակիր, նրանցից 20-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22 հազար 169 քաղաքացու հետազոտություն, որից 3 հազար 721-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG