Հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելու համար մեղադրվող եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործն արդեն դատարանում է։
Դատական առաջին նիստն այսօր կայացավ։ Սաշիկ Սուլթանյանի պաշտպանները միջնորդեցին, որ փոխվի նրա խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին։ Նրա փաստաբան Սամսոն Գալստյանը պնդեց՝ առկա չէ որևէ իրավական ու փաստական հիմք այն կիրառելու համար. - «Սաշիկ Սուլթանյանը որևէ գործողություն չի ձեռնարկել, որը վարույթն իրականացնող մարմնին թույլ կտա նույնիսկ կասկած ունենալ, որ ինքը կարող է չներկայանալ վարույթ իրականացնող մարմնի կանչով կամ որևէ կերպ կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից»։
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սուլթանյանը կես տարուց ավելի է, չի կարողանում արտասահման մեկնել, որտեղ, ըստ պաշտպանների, միջազգային միջոցառումների պետք է մասնակցեր մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Մեղադրող դատախազը հակադարձեց՝ առկա են հիմքեր խափանման միջոցն անփոփոխ թողնելու համար։ Ասաց, թե Ազգային անվտանգության ծառայությունը հաշվի է առել, որ Սուլթանյանը մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու համար. - «Հաշվի են առնվել գործի հանգամանքները և համակցության մեջ գնահատվել է այն, որ Սուլթանյանը փաստորեն սույն դեպքում մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը»։
Դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, միաժամանակ թույլատրեց, որ իրավապաշտպանը նույեմբերի 30-ից դեկտեմբերի 8-ը արտերկիր մեկնի։ Սուլթանյանը Շվեյցարիայում պետք է մասնակցի ՄԱԿ-ի Ազգային փոքրամասնությունների ֆորումի հերթական նստաշրջանին։
Քրեական գործի հիմքում Սուլթանյանի հարցազրույցն է yezidinews.com լրատվամիջոցին։ Դրանում եզդի իրավապաշտպանը, ըստ մեղադրող կողմի, հայ ու եզդի ժողովրդի միջև ազգային ատելություն հարուցող հատարարություններ է արել։
«Հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ՀՀ տարածքում եզդիների իրավունքներն իբր պաշտպանված չեն, հայերի կողմից եզդիները դիտարկվում են որպես հետամնաց ազգ։ Հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք են դրսևորում նրանց նկատմամբ։ Ազդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչի պատճառով եզդիերենը մոռացվում է։ Հայերը եզդիներին իրենց մշակույթը զարգացնելու հնարավորություն չեն տալիս», - ասաց մեղադրող դատախազը։
Ինքը՝ Սաշիկ Սուլթանյանը պնդում է, որ խոսքն ամենևին էլ ուղղված չի եղել հայ ժողովրդին, Հայաստանի կառավարությանն է քննադատել, թարգմանության մեջ իմաստային շեղումներ են եղել։ Հարցազրույցը հեռացվել էր հենց հրապարկման օրը՝ Սուլթանյանի պահանջով։ Իրավապաշպանն ասում է՝ մասնավոր զրույց է եղել Իրաքում տեղակայված եզդիական լրատվամիջոցի լրագրողի հետ։ Չի իմացել, թե այն հրապարակվելու է. - «Նախաքննական մարմնի կողմից ինձ հարց է ուղղվել՝ ինչո՞ւ եք նշել, որ, օրինակ, ինչ-որ հայեր խլում են եզդիների հողերը։ Ես նշել եմ այդպես անձանց գաղտնիությունը ապահովելու համար։ Մնացած առումով խոսակցության մեջ չկա հայերի դեմ ուղղված մեղադրանքը, այսինքն՝ էթնիկական առումով որևէ թիրախավորում չուներ։ Եվ ես օբյեկտիվ կասկածներ ունեմ, որ հոդվածի թերի լինելու պատճառով նախաքննական մարմինների մոտ խնդիրներ են առաջանալու էսպիսի կարևորության գործերի պարագայում»։
Պաշտպանական կողմը նաև ցանկանում է Սահմանադրական դատարանում վիճարկել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրվում է Սուլթանյանը։
Պաշտպան Արա Ղազարյանը պնդեց, որ հակասություն կա ազգային թշնամանք հարուցելու հոդվածի ու Սահմանադրության՝ մասնավորապես մայր օրենքում ամրագրված կարծիքի ազատության միջև. - «Մինչ այժմ 226 հոդվածի վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են կատարվել առ այն, որ այդ հոդվածը, որը ընդունվել է 2003 թվականին, հնացած է, կրկին չի համապատասխանում ժամանակակից սկզբունքներին։ Որպես ապացույց, այս հոդվածով քրեական գործեր հարուցվել են վերջին տասնութ տարվա մեջ շատ քիչ, որովհետև դա չի ապահովում իրավական որոշակիություն, թե որն է արտահայտվելու ազատությունը, որն է ատելության խոսքը»։
Դատարանը որոշեց Սահմանադրական դատարանում 226-րդ հոդվածը վիճարկելու վերաբեյալ միջնորդությունը քննել գործի ապացույցները հետազոտելուց հետո։
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ քրեական հետապնդմանը անդրադարձել են նաև մի շարք միջազգային կառույցներ։ Նախօրեին Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանի գլխավոր դատախազից պարզաբանում է պահանջել Սուլթանյանին առաջադրված մեղադրանքների և նրա իրավապաշտպան գործունեության միջև կապի վերաբերյալ:
Դունյա Միյատովիչը վերահաստատում է Հայաստանի իշխանությունների պարտավորությունները՝ մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքի համար ապահովելու անվտանգ միջավայր:
Իսկ օգոստոսին հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էր Հայաստանի իշխանություններին հորդորել դադարեցնել քրեական հետապնդումը Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։
«Չարդարացված քաղաքական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ անհանգստացնող է ինչպես Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի, այնպես էլ քննադատությանը կառավարության հակազդեցության տեսանկյունից», - հայտարարել էր Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենթը:
Դատախազությունը, սակայն, առաջադրված մեղարանքներից չի հրաժարվում։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 26-ին։