Մատչելիության հղումներ

Եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի գործն ուղարկվել է դատարան, նախաքննությունն ավարտվել է


Հայ ու եզդի ժողովուրդների միջև թշնամանք հարուցելու համար մեղադրվող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, տեղեկացնում է դատախազությունը։

Իրավապահ մարմինը երեկ նաև հակադարձել է իրավապաշտպանների հայտարարություններին՝ պնդելով, որ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն չէ և նրա խոսքի ազատությունը կամ իրավապաշտպան գործունեությունը սահմանափակելու խնդիր դրված չէ:

«Ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ Սուլթանյանը, 2020-ի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին տված հարցազրույցով կատարել է հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ: Մասնավորապես, նա իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Հայաստանի տարածքում եզդիների իրավունքները պաշտպանված չեն, հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը, եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին Հայաստանում հող ունենալու իրավունք չունի»։ Սա մեկ հատված էր դատախազության հրապարակած պարզաբանումից։

Ինքը՝ Սաշիկ Սուլթանյանն արդեն առիթ ունեցել է «Ազատության» եթերում պարզաբանելու մեղադրանքը, նշելով, որ լրագրողը առանց իր իմացության, որպես հարցազրույց հրապարակել է իրենց անձնական զրույցը, որտեղ ինքը բաց խոսում է եզդիական համայնքի խնդիրների մասին։ Հրապարակված նյութը, իր պահանջով հեռացվել է հենց նույն օրը, բայց տեքստը պահպանել ու թարգմանել են հայերեն՝ շատ փաստեր խեղաթյուրելով, ասել է Սուլթանյանը։

«Օրինակ ասել եմ, ոչ թե հայերը ծաղրում են եզդիներին, այլ ասել եմ, որ կան ոլորտներ, որտեղ եզդիները ծաղրի են ենթարկվում։ Ես կարող եմ վկայակոչել 2014 կամ 2015 թվականին Ազգային ժողովում Մանվել Բադեյանի կողմից լրագրողներին փողոցն ավլող եզդի անվանելը, դա կոնկրետ քեյսի է վերաբերվում», - ասաց Սուլթանյանը։

Քրեական գործի հարուցման պահից մինչ ավարտը 3-ից 4 դիմում է ուղարկվել, ասում է Սութանյանը՝ միջնորդելով գործը կարճել, բայց անարդյունք։

«Փաստեր էինք ներկայացրել, որ թարգմանությունն ուղղակի իրականությանը չի համապատասխանում, բայց նախքննական մարմինը ոչ թե փորձել է ուղղել այդ սխալը, այլ մեղադրական եզրակացության մեջ և նաև դատախազության կայքում հրապարակված տեքստն ուղղակիորեն այնպես է փոփոխված, որպեսզի իրենք ստանան մեղադրական եզրակացություն և չի համապատասխանում իմ կողմից ասված բառերին», -ասաց Սաշիկ Սուլթանյանը։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Սաշիկ Սուլթանյանը Հայաստանը օտարերկրյա լրատվամիջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն: Դատախազության տեսակետը կասկածի տակ է առնում նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Իրականում ես կարծում եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ, ով առիթ է ուենցել տասնամյակներով հետևել դատախազության գործելաոճին, ԱԱԾ-ի գործելաոճին, բոլոր հիմքերն ունի կասկածելու, որ իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում», - ասաց Կարապետյանցը։

Այս գործին անդրադարձել և է նաև Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ։

«Հայաստանի՝ վերջին տարիներին ունեցած ձեռքբերումները ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում վտանգված են», - ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG