«Խայտառակություն»․ այսպես են ընդդիմադիրները բնորոշում երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկու ժամից ավելի ձգված օնլայն ասուլիսը։
Խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասում է, թե Փաշինյանը հաճախ մոռանում էր, որ իր հայտարարությունները միայն ներքին լսարանի համար չեն, և երեկ հնչեցրած բազմաթիվ մտքեր, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Հայաստանին ավելի խոցելի են դարձրել։
«Հաշվի առնելով, որ հարցերը նախօրոք ուղարկված էին, ինքը հնարավորություն ուներ և հաստատ ծանոթացել էր դրանց, դրանք խմբավորված էին, ինքը պարզապես իր տնային աշխատանքը չէր արել ծույլիկ ուսանողի պես», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մամիջանյանը։
Ասուլիսի գլխավոր հարցերը վերաբերում էին Սոչիում և Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ սպասվող հանդիպումներին ու դրանց հնարավոր արդյունքներին, մասնավորապես՝ հնարավոր նոր փաստաթղթերին։
Վարչապետն ասաց, թե դրանք տարբեր օրակարգեր ունեցող հանդիպումներ են։ Մանրամասնեց՝ Բրյուսելում ավելի շուտ հումանիտար հարցեր կքննարկվեն, այդ թվում՝ գերիների վերադարձը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի նախաձեռնած Սոչիի հանդիպմանը՝ Փաշինյանը հաստատեց՝ դա նույն նոյեմբերի 9-ին նախատեսված հանդիպումն է, որը հետաձգվել էր՝ հաշվի առնելով «այդ օրվա հետ կապված հայկական կողմի ցավոտ ընկալումը»։
Իսկ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ վերջին առաջարկները, ըստ Փաշինյանի, շատ չեն տարբերվում դրանից առաջ Մոսկվայի ներկայացրած մյուս առաջարկներից։ Մանրամասներ սակայն այդպես էլ չհայտնեց․ - «Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին։ Էդպիսի բան հնարավոր չի ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին՝ որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում ա զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով։ Էդ թղթի մեջ գրված չի լինելու՝ աահմանը անցնում է ստեղով, ստեղով, ստեղով․․․»։
Անկախ նրանից, թե ինչի մասին է լինելու փաստաթուղթը՝ բանակցությունից մինչև նախաստորագրում, պետք է լինի խորհրդարանական վերհսկողության ներքո, հայտարարում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը. - «Չեմ հավատում, որ էդ փաստաթղթում չի լինելու վտանգավոր ձևակերպումներ։ Այնուամենայնիվ, երեկվա իր խոսքը ցույց է տալիս, որ էնքան վտանգավոր մտքեր է ինքը արտահայտում, որ դրանք կարող են նաև տեղ գտնել նույն հայտարարության կամ փաստաթղթի մեջ։ Երկրորդը, էդ փաստաթուղթը, որ ինքը միջազգային հարաբերությունների շրջանակում պետք է ստորագրի, դա ի վերջո Ազգային ժողովում պետք է վավերացում անցնի»։
Ընդդիմադիր Մամիջանյանը հիշեցնում է Փաշինյանի նույն ասուլիսում արած մյուս հայտարարությունները՝ Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի, շանտաժի լեզվով խոսելու, Հայաստանը ջունգլիների վերածելու ցանկությունների մասին ու հարց է տալիս. - «Ինչպե՞ս է ինքը համարձակվում մուտք գործել դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց՝ բնականաբար դեռևս միայն հայտարարության մակարդակում, ուժի սպառնալիքի տակ»։
Արդյո՞ք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը նշանակում է, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս թեմայով հարցերին պատասխանելիս Փաշինյանը նախ խոսեց այն մասին, որ Արցախի հարցը երբեք էլ տարածքային վեճ չի եղել, միաժամանակ հղում արեց 1991 թվականին ԱՊՀ անդամակցությանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. - «Էդ ժամանակ Արցախի խնդիր էղել ա, չէ՞։ Իսկ Հայաստանը ճանաչել ա։ Բայց հիմա խնդիրն էդ ա՝ Արցախի հարցը տարածքի հարց ա՞։ Մեր ընկալմամբ, Արցախի հարցը տարածքի հարց չի։ Արցախի հարցը իրավունքի հարց է»։
Արծվիկ Մինասյանը Փաշինյանի այս հայտարարությունները ևս մտահոգիչ է համարում ու հարցնում ՝ իսկ ո՞ր տարծքում են ինքնորոշվելու արցախցիները. - «Որևէ առնչություն Արցախի Հանրապետությունը էսպես կոչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ չունի։ Մինչդեռ երեկ ինքը պնդում էր այն, ինչ պնդում են ադրբեջանցիները, թուրքերը և այլն։ Եթե ուշադիր եղաք, ինքը տարածքի հարցը այլ հարթության մեջ դիտարկեց, այսինքն՝ ոչ թե մենք պիտի խնդիր դնենք Արցախի ինքնորոշումը որոշակի կոնկրետ տարածքում և ժողովրդի անվտանգության ապահովումը, այլ բացառապես ժողովրդի այդ հատվածում ապրելու իրավունքի հարց է սա ընդամենը։ Ինչը նշանակում է ուղղակի ինքը տեսնում է Արցախի խնդիրը Ադրբեջանի կազմում, ավելին՝ արցախահայության անընդհատ ֆիզիկական գոյության սպառնալիքների ներքո։ Այլ կերպ ասած՝ այն, ինչը որ բանաձևեց, դա Արցախի հայաթափության բանաձևն է»։
Երկու ժամից ավելի ձգված ասուլիսի ամենացավալի դրվագը ընդդիմադիրները համարում են վարչաետի խոսքերը, թե իր վարչապետության տարիների ամենածանր հարվածը ստացել է 2019 թվականի ապրիլին Նորագավիթի մաքսատանը, երբ տեսել է Հայաստանի դրոշը գետնին. - «Դա ինձ համար եղել ա ամենամեծ հարվածը, ամենամեծ հարվածը»։
Ընդդիմախոսները հիշեցնում են՝ դրանից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերի ու Արցախի մեծ մասի կորստյան մասին։