Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Արևելյան սահմանագոտու մարտերի հետևանքով, հայկական կողմի հաղորդմամբ, 13 զինծառայող է գերեվարվել։
Անցած մեկ տարում իրավապաշտպանները ռազմագերիների վերաբերյալ ավելի քան 100 դիմում են ուղարկել Եվրադատարան, դատարանը հրատապ միջոց է կիրառել՝ դիմել է Բաքվին նրանց մասին տվյալներ պահանջելով։ Ադրբեջանը մինչև վերջին մարտերը հաստատում էր, որ իր տարածքում 40 գերի կա, նրանցից երեքը խաղաղ բնակիչներ են։ Մինչ օրս Հայաստան է վերադարձել 113 գերի։