Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից 4-ի վերաբերյալ դիմումներ են ուղարկվել ՄԻԵԴ


Նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողներից չորսի վերաբերյալ դիմումներն իրավապաշտպաններն այսօր արդեն ուղարկել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Ակնկալում են, որ մի քանի օրվա ընթացքում Եվրադատարանը հրատապ միջոցներ կկիրառի և կդիմի Բաքվին՝ տեղեկատվություն խնդրելով ադրբեջանական զինուժի կողմից օրերս գերեվարվածների մասին։

Արևելյան սահմանագոտու մարտերի հետևանքով, հայկական կողմի հաղորդմամբ, 13 զինծառայող է գերեվարվել։

«Դրանք արդեն ուղարկված են, արտակարգ ռեժիմով քննվելու են, և մենք այդ գործերը ֆաքս ենք անում, ինչը դատարանի համար թույլատրվում է՝ հաշվի առնելով հարցի կարևորությունը: Ընդհանրապես սեղմ ժամկետում, օրինակ, 24 ժամվա կամ 48 ժամվա ընթացքում է դատարանը պատասխան տալիս, առանձին դեպքերում կարող են տևել 5-7 օր, բայց մեր պրակտիկան հաշվի առնելով, մենք ակնկալում ենք, որ, օրինակ, երկուշաբթի օրը արդեն կունենանք դատարանի որոշումը», - ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Պատերազմի հետևանքով գերեվարված մի քանի տասնյակ զինվորականների և խաղաղ բնակիչների իրավունքները Ստրասբուրգի դատարանում պաշտպանող Սիրանուշ Սահակյանի թիմը դատարանին խնդրել է ապահովել շաբաթասկզբին ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողների կյանքի և առողջության իրավունքների պաշտպանությունը։ Դիմումներում կցվել են տարբեր փաստաթղթեր, ինչպես նաև գերեվարության մասին համացանցում տարածված տեսագրությունները։

«Նախ տեղեկատվություն կհայցվի, և մենք այստեղ կհասկանանք, որ մասին է պաշտոնականացնում պետությունը, իսկ որ մասին հրաժարվում է և ինչ պատճառներով: Բացի այդ արդեն ադրբեջանական կողմը տեղեկացված կլինի, որ այս անձինք գտնվում են միջազգային պաշտպանության ներքո և ցանկացած ոտնձգություն հետագայում անպատիժ չի կարող մնալ: Այստեղ նաև ներգրավված միջազգային կառույցներն են շահագրգիռ լինելու, որ այդ միջադեպերը հետաքննվեն և պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության», - նշեց Սահակյանը:

Իրավապաշտպաններն այսօր հանդիպել են վերջին մարտերի ժամանակ և՛ գերեվարված, և՛ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։ Հավաքագրված տեղեկությունների հիման վրա առաջիկա օրերին ևս հրատապ դիմումներ կուղարկեն Եվրոպական դատարան։ Սիրանուշ Սահակյանը դեռևս չի հրապարակում նրանց անուն ազգանունները։

«Մինչ ամսի 16-ի օրվա կեսը կարողացել են կապ ունենալ, նաև նախորդ օրվա խոսակցությունների արդյունքում ծառայության մի շարք հանգամանքների մասին կարողացել են տեղեկություն ունենալ՝ դիրքերում եղած իրավիճակի, հայ-ադրբեջանական շփումների, դրանց լարվածության աստիճանի վերաբերյալ, բայց արդեն 16-ի օրվա կեսից կապը կտրվել է, որից հետո արդեն տեղի են ունեցել այն զարգացումները, որոնք բոլորիս իմացության ներքո են», - ընդգծեց նա:

Անցած մեկ տարում իրավապաշտպանները ռազմագերիների վերաբերյալ ավելի քան 100 դիմում են ուղարկել Եվրադատարան, դատարանը հրատապ միջոց է կիրառել՝ դիմել է Բաքվին նրանց մասին տվյալներ պահանջելով։ Ադրբեջանը մինչև վերջին մարտերը հաստատում էր, որ իր տարածքում 40 գերի կա, նրանցից երեքը խաղաղ բնակիչներ են։ Մինչ օրս Հայաստան է վերադարձել 113 գերի։

XS
SM
MD
LG