Մատչելիության հղումներ

Հակահամաճարակային նոր սահմանափակումների դեմ ցույցեր Եվրոպայում


Բելգիա - Հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ցույցը Բրյուսելում, 21-ը նոյեմբերի, 2021թ․
Բելգիա - Հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ցույցը Բրյուսելում, 21-ը նոյեմբերի, 2021թ․

Տարերային ցույցեր Եվրոպայում՝ ընդդեմ հակահամաճարակային նոր սահմանափակումների։

Եվրոպան կրկին կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնն է, եվրոպական մի շարք երկրների կառավարությունների՝ վարակի տարածումը զսպելուն ուղղված որոշումները, սակայն, դժգոհության ալիք են բարձրացրել՝ պատճառ դառնալով բողոքի բազմամարդ ակցիաների։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականներով՝ եթե Եվրոպայով մեկ չձեռնարկվեն քայլեր, ապա կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը կարող է ավելանալ մի քանի հարյուր հազարով։

«COVID-19-ը մեր տարածաշրջանում կրկին դարձել է մահվան հիմնական պատճառ», - հայտարարել է կառույցի՝ Եվրոպական տարածաշրջանի ղեկավար բժիշկ Հանս Կլյուգեն:

Բելգիայի իշխանությունների հակահամաճարակային սահմանափակումները, մինչդեռ, hանրության շրջանում միանշանակ չեն ընդունվել։ 11,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում այս պահին կորոնավիրուսային հիվանդությունից բուժում է ստանում ավելի քան 200 հազար մարդ։ Առողջապահական համակարգը կոլապսից փրկելուն և մահացության ալիքը կանխելուն ուղղված սահմանափակումների դեմ մայրաքաղաք Բրյուսելում նախօրեին մոտ 35 հազար մարդ էր փողոց դուրս եկել՝ «Միասին հանուն ազատության» կարգախոսի ներքո։ Ցուցարարներն իշխանություններից պահանջում են չեղարկել «Covid անձնագրերը», որը պարտադիր պայման է հանրային վայրեր այցելելու համար։ Դժգոհություն է հարուցել նաև մասնակի լոքդաունը, որի համաձայն՝ բելգիացիների մեծ մասը մինչև դեկտեմբերի կեսերը շաբաթական չորս օր կաշխատեն տնից։ Կառավարությունը քննարկում է նաև տարեց բուժաշխատողների համար պատվաստումը պարտադիր դարձնելու հնարավորությունը։ Բելգիայի կառավարությունը համաճարակի նոր ալիքի ֆոնին մտադիր է խստացնել նաև դիմակ կրելու կանոնները։

Նիդերլանդներում հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվել միանգամից մի քանի քաղաքներում։ Հաագայում բազմամարդ ցույցը վերաճել է բռնությունների, ինչին էլ հաջորդել է արտակարգ դրության ռեժիմ։ Ոստիկանները ցուցարարների դեմ շներ և ռետինե մահակներ են կիրառել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ բախումների ընթացքում վնասվածք է ստացել հինգ ոստիկան, մեկը հոսպիտալացվել է։

«Բռնության խրախճանք»․ այսպես է բնութագրել Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը հակահամաճարակային սահմանափակումներին ընդդիմացող քաղաքացիների ակցիան, որը նույնպես ավարտվել է ցուցարարների և ուժայինների միջև ընդհարումներով։ Ըստ համացանցում տեղադրված տեսանյութերի՝ անկարգությունների մասնակիցները ոստիկանների վրա քարեր են նետել, կադրերից մեկում երևում է այրված ոստիկանական մեքենա։ Հաղորդվում է յոթ տուժածի մասին, այդ թվում՝ ոստիկաններ։ Առնվազն երեք ցուցարար հոսպիտալացվել է հրազենային վնասվածքներով, ոստիկանությունը ներքին հետաքննություն է սկսել։ Կան տասնյակ ձերբակալվածներ։

Նոր վարակակիրների թվի կտրուկ աճը զսպելու նպատակով անցած շաբաթ օրը Նիդերլանդների իշխանությունները եռօրյա մասնակի լոքդաուն են հայտարարել՝ կրճատելով խանութների և ռեստորանների աշխատանքային ժամերը, սահմանափակելով մարզական միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը։ Կրքերը բորբոքվել են հատկապես սուրբծննդյան և ամանորյա հրավառության արգելքի սահմանման ֆոնին։ Կառավարությունն այդ քայլով, ինչպես հայտարարում է, ցանկանում է «առողջապահական ոլորտն ազատել լրացուցիչ ծանրաբեռնվածությունից»։

Տասնյակ հազարավոր քաղաքացիներ էլ Ավստրիայի մայրաքաղաքն էին հեղեղել՝ իշխանություններից պահանջելով չեղարկել հակահամաճարակային աննախադեպ որոշումները, հարգել իրենց ազատությունը, և ընդդիմանալու կոչեր են հնչեցրել։ Ցուցարարները «Ո՛չ պատվաստմանը», «Բավական է» գրություններով պաստառներ էին պարզել։

«Ես պահանջում եմ վերադարձնել իմ ազատությունը», - ասում էր ցույցի մասնակիցներից մեկը, - «Կարծում են՝ մենք ժողովրդավարության մեջ ենք ապրում, բայց սա կորոնավիրուսային բռնապետություն է»։

Ավստրիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որը քաղաքացիների պատվաստումը կորոնավիրուսի դեմ դարձրեց պարտադիր։ Երկրի բնակիչները պետք է ամբողջությամբ պատվաստվեն մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը։ Բացի այդ, իշխանություններն այսօրվանից 10 օրով համընդհանուր լոքդաուն են հայտարարել։

Կորոնավիրուսի վարակակիրների թվի աճի պատճառով Ավստրիայի կառավարությունը կոշտ սահմանափակումներ է մտցրել երկրի չպատվաստված քաղաքացիների համար։ Նրանց արգելվում է տնից դուրս գալ առանց հարգելի պատճառի։ Հանրային վայրերը չպատվաստվածների համար փակ են նույնիսկ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության պարագայում։

Ավստրիայում պատվաստված է բնակչության մոտ երկու երրորդը։ Չպատվաստված բնակչության թիվը շուրջ 2 միլիոն է։

Ֆրանսիայում՝ մասնավորապես Գվադելուպե կղզում ցույցերը չեն մարում։ «Covid անձնագրերի» դեմ հավաքները նախանցած գիշեր ուղեկցվել են անկարգություններով․ ցուցարարները հրդեհել և թալանել են տասնյակ խանութներ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմադենի խոսքով՝ մի խումբ կարգազանցներ փամփուշտներ են կիրառել։

XS
SM
MD
LG