Մատչելիության հղումներ

Լեհաստանը Բելառուսին սպառնում է կոշտ պատժամիջոցներով՝ ընդհուպ սահմանի փակում


Բելառուս - Միգրանտները Լեհաստանի սահմանի մերձակայքում՝ Գրոդնոյի շրջանի տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնում, 20-ը նոյեմբերի, 2021թ․
Բելառուս - Միգրանտները Լեհաստանի սահմանի մերձակայքում՝ Գրոդնոյի շրջանի տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնում, 20-ը նոյեմբերի, 2021թ․

Լեհաստանը Բելառուսին սպառնում է կոշտ պատժամիջոցներով՝ ընդհուպ սահմանի, այդ թվում՝ տարանցիկ և առևտրային անցակետերի, փակում։ Ամեն ինչ, ըստ Լեհաստանի վարչապետի, կախված կլինի Բելառուսի իշխանությունների գործողություններից, իսկ մինչ այդ Վարշավան կզսպի միգրանտների հարձակումը Եվրամիության սահմանների վրա։

«Լուկաշենկոն հիբրիդային պատերազմ սկսեց Եվրամիության դեմ: Սա 30 տարվա ընթացքում Եվրոպան ապակայունացնելու ամենանշանակալի փորձն է, սակայն Լեհաստանը չի ենթարկվի շանտաժին և կպաշտպանի ԵՄ սահմանները», - Twitter- ում գրել է Մատեուշ Մորավեցկին։

Ելույթ ունենալով Լիտվայի կառավարության ղեկավարի հետ մամուլի ասուլիսում՝ Լեհաստանի վարչապետը չի մոռացել նշել Մոսկվայի հնարավոր դերը միգրացիոն ճգնաժամի սրման գործում։

Իրավիճակը Բելառուսի և Լեհաստանի սահմանին սրվել է նոյեմբերի 8-ից, երբ հազարավոր գաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից, խմբվել էին այստեղ և փորձում էին ապօրինի ԵՄ տարածք մտնել։ Արևմուտքը պնդում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է միգրանտներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան։ Բելառուսի նախագահը հերքում է մեղադրանքները։

XS
SM
MD
LG