Մատչելիության հղումներ

Արցախա-ադրբեջանական շփման գծից բացի, այսօր կրակոցներ են արձակվել նաև Երասխի ուղղությամբ


Հրադադարի դեպքի երեկվա խախտման դեպքից հետո, երբ հայկական կողմը հաղորդեց վեց զինծառայողի վիրավորման, ադրբեջանականն էլ՝ մեկ զինվորի սպանության մասին, արցախա-ադրբեջանական շփման գծում այսօր կրկին միջադեպ է գրանցվել:

Հայկական դիրքեր, Արարատի մարզ
Հայկական դիրքեր, Արարատի մարզ

Այսօր ավելի ուշ էլ արդեն Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հայկական դիրքերի և Երասխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ է բացել, այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։ Զինվորների և խաղաղ բնակիչների շրջանում, ըստ պաշտպանական գերատեսչության, տուժածներ չկան։

Արցախում վիրավորված զինվորների կյանքին էլ, ըստ Արցախի օմբուդսմենի, վտանգ չի սպառնում։

Արցախում երեկվա հրադադարի խախտումից հետո, որը թերևս ամենամեծն էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո, առավոտյան Պաշտպանության բանակը հաղորդեց, որ ժամը 9-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՊԲ-ն շեշտում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը` կոչ անելով ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ «իրադրությունն ապակայունացնող գործողություններից»։

Բաքուն, սակայն, պնդում է, որ հայկական կողմը սանիտարական մեքենայով ցանկացել է դիվերսիա իրականացնել, որը ադրբեջանական զինուժը կանխել է։ Երկու կողմն էլ միմյանց են մեղադրում իրավիճակի ապակայունացման համար։

Արցախում իրավիճակը արդեն մի քանի օր է` լարված է

44-օրյա պատերազմից հետո անցած շաբաթ այնտեղ առաջին անգամ քաղաքացիական զոհ գրանցվեց։ Հոկտեմբերի 9 -ին Մարտակերտի 55-ամյա բնակիչ Արամ Տեպնունցը Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվեց, երբ տրակտորով հողամասում հող էր վարում։ Նրա կողքին՝ որպես անվտանգության երաշխավոր, ռուս խաղաղապահ էր եղել։

Երեկ ադրբեջանական կողմը նաև տեղեկացրեց, թե Արցախի պաշտպանության բանակի հետախուզական անօդաչու թռչող սարք է վնասազերծել։ Թե այսօր, թե դրանից մեկ օր առաջ Ադրբեջանի տարածած մյուս տեղեկությունը, որ հայկական կողմը կրակ է բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյան ուղղությամբ, Պաշտպանության բանակը կտրուկ հերքեց։ Սակայն ռուս խաղաղապահներն էլ իրենց տեղակագրում գրել են, որ Սարսանգի ջրամբարի մոտակայքում ադրբեջանական շինարարական տեխնիկա տեղափոխող ավտոշարասյան ուղղությամբ կրակոցներ են արձակվել։

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Համաձայն խաղաղապահ առաքելության հաղորդագրության` հրադադարի խախտման միջադեպը ուսումնասիրվում է։ Խաղաղապահները, սակայն, հրադադարի ռեժիմի վերջինը խախտմանը դեռ չեն անդրադարձել։

Պաշտոնական Երևանը դատապարտում է

Սահմանային միջադեպերը դատապարտել է Հայաստանի արտաքին գերատեսչությունն ու հայտարարել` ակնկալում են ռուս խաղաղապահների միջնորդությունը Արցախում հրադադարի պահպանման հարցում:

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ադրբեջանը նպատակ ունի հայաթափել Արցախը, ինչպես նաև արժեզրկել ռուսական խաղաղապահ ծառայությունը. «Հարված է Ռուսաստանին, իսկ առաջին հերթին հարված է Արցախին և հայությանը, բայց նման պրովոկացիաների, դժբախտաբար, թշնամին դիմելու է»:

Երեկվա լարվածությանը նախորդել էր Մինսկում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և այս հանգամանքը ընդգծում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Մինչ այդ էլ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումն էր կայացել, քաղաքագետ Հակոբ Բադալյանն է հիշեցնում. «Այսինքն` դիապազոնը, որտեղ մենք կարող ենք լարվածության պատճառներ փնտրել, բավական մեծ է, և այս դեպքում երևի ուշադրության է արժանի այն, որ այս լարվածությունը հաջորդում է Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպմանը»:

Նա հակված է մտածել, որ այս հանդիպումն իր արդյունքով այդքան էլ չի գոհացրել Ադրբեջանի նախագահին. «Եվ այսպես լարվածության հրահրումը, որը նաև որոշակիորեն բարդություններ և անհարմար իրավիճակ է ստեղծում ռուս խաղաղապահների շուրջ, պայմանավորված է թերևս Ալիևի այդ դժգոհությամբ»:

Լարվածության պատճառների մասին հստակ վերլուծություն անել հնարավոր չէ քանի որ պաշտոնական հանդիպումներին չեն հետևում հստակ մանրամասներ դրանց բովանդակության մասին, ընդգծում է քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG