Մատչելիության հղումներ

Նախագահն անընդունելի է համարում ցանկացած ոտնձգություն Հայաստանի սահմանների նկատմամբ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն անթույլատրելի և անընդունելի է համարում «ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, նրանց ազատ և անվտանգ տեղաշարժի և բոլոր այլ հիմնարար իրավունքների նկատմամբ»։

«Ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները և պաշտոնատար անձինք, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում, պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը», - երեկ Տելեգրամի իր էջում գրել է Սարգսյանը:

Ադրբեջանական կողմը երեկվանից սկսել է Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվաածում մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ, երեկ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոսքը Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել` իսկ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր. հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար», - երեկ ասաց վարչապետը։

XS
SM
MD
LG