Մատչելիության հղումներ

«Ինչ էլ Փաշինյանը ստորագրի` չեղարկելու ենք, պատռելու ենք», հայտարարում է ԱԺԲ-ն


Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը` նոյեմբերի 9-ի`հրադադարի եռակողմ հայտարարության տարելիցի առթիվ: Հանրահավաքի մեկնարկին շարժման աջակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը: Ավարտին ջահերով շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն`իրենց անհամաձայնությունը հայտնելու մեկ տարի առաջ ստորագրված հայտարարությանը, որը վերջ դրեց 44֊օրյա պատերազմին: Բևեռի անդամ Հայկ Մարտիրոսյանը ընդունեց, որ «Հայաստանի բանակը ջախջախված էր»,միաժամանակ պնդեց, թե հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումը դավաճանություն էր, քանի որ դրա դրույթները նախատեսում էին հայկական ուժերի դուրսբերում Ղարաբաղի հարակից շրջաններից: Մարտիրոսյանը, սակայն, չնշեց`արդյոք Բաքուն կհամաձայներ կանգնեցնել պատերազմը, եթե այդ դրույթը հայտարարության մեջ չներառվեր:

Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը պնդեց, թե շարժումը մտնում է մոբիլիզացիայի նոր փուլ, և առաջարկեց, որ հրապարակ եկածները համատեղ երդվեն, քանի որ դա է «մարդկանց համախմբելու ընդունված և լավագույն տարբերակներից մեկը»: Հետևելով Ավետիսյանին` շարժման աջակիցները երդվեցին «հոգով, մտքով, խոսքով և գործով լինել հավատարիմ և հետևորդ հայրենատիրության գերագույն նպատակին, ջանք ու եռանդ չխնայել ազգային ինքնիշխան պետության կայացման ու հզորացման համար»:

Վահե Գասպարյանը, որը անցած հունիսին` ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, գլխավորում էր բևեռի ցուցակը, հայտարարեց, թե մեկ տարի առաջ` նոյեմբերի 9֊ին, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների ստորագրած հայտարարությունը մի կողմից «նշանավորում է Հայաստանի պարտությունը», մյուս կողմից` «ավետում Հայաստանի քրեաօլիգարխիկ, նեոգաղութային համակարգի մահվան մեկնարկը»: Թե ինչով և ինչպես են փոխկապակցված երկու զարգացումները` Գասպարյանը չհստակեցրեց:

Անդրադառնալով վերջին օրերին հայկական ու ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող հաղորդումներին, թե երկու երկրների ղեկավարները պատրաստվում են նոր փաստաթուղթ ստորագրել, Գասպարյանը հայտարարեց` իրենք պատռելու են այն ամենը, ինչ կստորագրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես արդեն վստահ եմ, որ հայ ազգը կատարել է իր ընտրությունը, ինչ էլ ստորագրի` մենք չեղարկելու ենք, ինչ էլ ստորագրել է, չեղարկելու ենք, պատռելո՛ւ ենք, ոչնչացնելո՛ւ ենք: Մենք Հայաստանը վերածնելու ենք», - հայտարարեց նա:

Գասպարյանը, սակայն, չխոսեց հրադադարի եռակողմ հայտարարությունը չեղարկելու հնարավոր հետևանքների և Հայաստանը վերածնելու`իրենց կոնկրետ ծրագրերի մասին:

XS
SM
MD
LG