Մատչելիության հղումներ

Մոսկվայում համաձայնագիրը կստորագրվի նաև այն պատճառով, որ Ադրբեջանը հետ քայլ է արել. Ռիչարդ Կիրակոսյան


Տեսնում ենք, որ Ադրբեջանը հրաժարվում է Սյունիքի մարզը և հարավային Հայաստանը հատող միջանցքի պահանջից, փոխարենը դա կլինի ճանապարհ և երկաթուղային կապ հարավային Հայաստանում՝ Իրանի հետ սահմանի երկայնքով, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ նշելով՝ նոյեմբերի 9-ին կամ 10-ին Մոսկվայում համաձայնագիր կստորագրվի:

Հայաստանյան ու ռուսաստանյան լրատվամիջոցները վերջերս պարբերաբար գրում էին, թե հնարավոր է Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում կայանա Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում կողմերը եռակողմ հայտարարություններ ստորագրեն։ Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին որևէ հրապարակային հայտարարություն չեն արել, սակայն նախկին հայտարարություններում բազմիցս շեշտել են, որ պաշտոնական Երևանը չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»։

Կրեմլը երեկ հաստատեց՝ Մոսկվայում հանդիպում նախապատրաստվում է և նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Նոյեմբերի 5-ին Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, ով նաև հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի համանախագահն է, շեշտեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի մինչև ճանապարհների ապաշրջափակման հարցում լուծումներն առաջին հերթին հիմնվում են այն հանգամանքի վրա, որ այդ ճանապարհների ինքնիշխանությունը մնալու է այդ պետությանը։

Ռուսաստանի արտործնախարարությունն էլ հայտարարեց, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի բոլոր կողմերը համաձայնել են՝ ապաշրջափակված բոլոր ճանապարհները շահագործվելու են պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա։

Կիրակոսյանի համոզմամբ, այս համաձայնագիրն ամենայն հավանականությամբ կստորագրվի նաև այն պատճառով, որ Ադրբեջանը հետ քայլ է արել՝ շեշտելով՝ դա միջանցք չէ, դա ավելի շատ ճանապարհային և երկաթուղային կապ է, իսկ Ադրբեջանը բառերի նշանակության հետ է խաղում։

«Ադրբեջանը հետ քայլ է արել։ Այլապես Ադրբեջանը իր համար վտանգավոր կերպով բացահայտորեն պետք է մարտահրավեր նետեր Ռուսաստանին, իսկ ռուսական համբերության սահմանը կա: Եվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հրաժարվում է Սյունիքի մարզը և հարավային Հայաստանը հատող միջանցքի պահանջից, փոխարենը դա կլինի ճանապարհ և երկաթուղային կապ հարավային Հայաստանում՝ Իրանի հետ սահմանի երկայնքով: Դա խորհրդային ժամանակաշրջանի ենթակառուցվածքների քարտեզների հիման վրա է լինելու, և դրա հետ կապված ևս մեկ համաձայնագիր՝ սահմանների օրինական սահմանագծման գործընթացի վերաբերյալ, և երրորդ տարրը, որը հրապարակայնորեն չի առնչվում այս ստորագրվելիք համաձայնագրին, կլինի Ադրբեջանի համաձայնությունը՝ սկսել ադրբեջանական գերության մեջ պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասնակի վերադարձը», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Կիրակոսյանն ասում է՝ 90 տոկոսով վստահ է, որ Մոսկվայում նոյեմբերի 9-ին կամ 10-ին լինելու է մեկուկես համաձայնագրի ստորագրում՝ Ռուսաստանի կողմից պարտադրված հրադադարի մեկ տարվա լրանալու կապակցությամբ նախատեսված արարողության ժամանակ:

«Նախ՝ սահմանային առևտրի և տրանսպորտի մասին համաձայնագիրը Ադրբեջանից Նախիջևան կապ կապահովի` մայրուղի և երկաթուղի: Սրանք անհապաղ [մեկնարկող ծրագրեր] չեն, բայց համաձայնագիրը սկիզբ կդնի գործընթացին: Դա տարածաշրջանային ապաշրջափակման ավելի մեծ փաթեթի առաջին քայլն է՝ փակ սահմանների բացում, տարանցիկ հաղորդակցման կապերի հաստատում», - նշեց քաղաքական մեկնաբանը՝ հետաքրքիր համարելով այն, որ դրա մաս է կազմելու հարակից համաձայնագիրը սահմանների սահմանագծման աշխատանքային խմբի վերաբերյալ:

«Ռուսաստանն առաջին անգամ առաջարկել է մեկ ընդհանուր հղման կետ՝ նույն մասշտաբի և նույն ժամանակաշրջանի Խորհրդային Միության քարտեզը, որպեսզի ադրբեջանցի և հայ բանակցողները պաշտոնապես սահմանազատեն սահմանը, ինչը շատ կարևոր է լարվածության սրման ֆոնին՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի ավերիչ ներխուժումից հետո։ Այսպիսով, սա նահանջ է: Բայց ամենակարևորն այն է, որ նույնիսկ այս համաձայնագրերի ստորագրմամբ նախագծերի իրական շինարարությունն ու իրականացումը մի քանի տարուց կլինեն։ Բայց սա մեծապես Ռուսաստանի կողմից կառավարվող, Ռուսաստանի մշակած ծրագիրն է», - ասաց Կիրակոսյանը:

Վաղը կլրանա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ տարին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG