Դեռ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը դրանից բխող հետեւանքներով։ Ռուբինյանը մինչ այսօր չի բացատրել, թե ինչ են ենթադրում այդ հետեւանքները։
Ինչ առավելություններ է ունենալու Հայաստանը այդ կառույցում, որը մերժում է ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքից դուրս բերելու Փաշինյանի դիմումը։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը 90-ականներին այս կառույցում Հայաստանի ներկայացուցիչն է եղել, ասում է՝ նախագահությունը ոչ մի առավելություն չի տալիս Հայաստանին. - «Մեր նախագահությունը ավելի մեծ առավելություն չի տալիս։ Ուղղակի նախագահությունը մի քիչ նախաձեռնությունների հնարավորություն է տալիս, բայց դա քվեարկում են ազգային պետությունները։ Պետք չի գերագնահատել այդ ֆունկցիան»։
Կառույցի գլխավոր քարտուղարը ադրբեջնական զորքի ներկայությունը Հայաստանի տարածքում որակել էր երկու երկրների միջև սահմանային միջադեպ և ասել, թե Հայաստանի դիմումը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։
Անգամ վաղը, երբ նախագահությունը ստանձնելու հարցն է քննարկվելու, դարձյալ նիստի օրակարգում չկա հայ-ադրբեջանական սահմանների լարվածության մասին հարց։ Ամենակարեւոր հարցը Աֆղանստանում տիրող իրավիճակն է, շեշտում է քաղաքագետը. - «Ագրեսիան Ադրբեջանի մեր տարածքի դեմ, մեր անվտանգության համակարգի դեմ շարունակվում է։ Բայց օրակարգում ես չտեսա։ Օրակարգը հրապարակված է, հայտարարված է ՀԱՊԿ գագաթաժողովի Դուշանբեում, այնտեղ կա հարց կապված այն վտանգների հետ, որոնք հնարավոր է, որ կգան թալիբներից, Աֆղանստանից դեպի Կենտրոնական Ասիա, բայց ոչ մի օրակարգում խնդիր չկա կապված մեր պրոբլեմների հետ»։
ՀԱՊԿ-ում Հայաստանը նախագահությունը ստանձնում է մեկ տարով։ Պարզապես այդ փուլում Հայաստանը որպես նախագահող քարտուղարությունից առաջինը կստանա տեղեկատվություն, օրինակ եթե նորից հայ ադրբեջանական լարվածությունը հանգուցալուծելու խորհրդատվության համար դիմի Հայաստանը, մերժմասն մասին ավելի վաղ կիմանա. - «Դե յուրե դա մեծ առավելություն ոչ ոքի չի տալիս։ Ինֆորմացիան ավելի շուտ ստանալու հնարավորություն տալիս է»։
Գուցե հարցեր բարձրացնելու նախաձեռնություններ էլ ունենա նախագահող պետությունը, բայց որոշումները ընդունվում են կոնսենսուսով, եթե մեկ երկիր դեմ է, ապա չի ընդունվում. - «Պետություններն են որոշում որն ա օրակարգը։ Եթե պետությունը դեմ ա, ուրեմն հարցը չի մտնի օրակարգ։ Օրինակ, էս դեպքում մեր հարցերը օրակարգ չմտան, քանի որ, կասկած ես չունեմ, մեկ թե երկու երկիր կտրականապես դեմ են»։
Կազմակերպության խորհրդի վաղվա նիստին ընդառաջ այսօր Դուշանբեում տեղի է ունեցել արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապակառուցողական է որակել Ադրբեջանի մոտեցումները և շեշտել, որ Բաքուն մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները։
Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունն էլ ազդեցություն չի ունենա, կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ըստ նրա, հայտարարությունը լավն է, բայց արվել է ոչ ճիշտ կառույցում։