Գյումրիում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշնյանը այսօր Շիրակի մարզպետարանում դռանփակ հանդիպում է ունեցել Խծաբերդի դիրքերից գերեվարվածերի հարազատների հետ:
Ադրբեջանում արդեն ավելի քան 8 ամիս գտնվող գերիների հարազատները մի քանի օր առաջ հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ:
Խծաբերդի ու Հին թաղերի դիրքերից գերեվարված 64 զինծառայողների մեծ մասը Շիրակի մարզից են, նրանցից 24-ն արդեն վերադարձել են հայրենիք։ Այս ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել՝ լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով։ Մեծ մասի դատավճիռներն արդեն կայացվել են, պատժի ամենափոքր ժամկետը եղել է 6 ամիսը, որոշները դատապարտվել են 6 կամ 15 տարվա ազատազրկման, ամենաերկարը՝ 20 տարին է։
Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք: