Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկ կայացած բանակցությունների հիմնական արդյունքներն են՝ քաղաքական ինտեգրացիա դեռ չկա, սակայն լուրջ առաջխաղացում կա տնտեսական ինտեգրացիայի շուրջ։
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները երեկ համաձյանեցրեցին ինտեգրացիոն ծրագրերը, ընդգծելով, թե խոսքը սոսկ տնտեսական ինտեգրացիայի մասին է, ոչ քաղաքական: Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը համաձայնեցրել են Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրման, այսպես կոչված, բոլոր 28 ճանապարհային քարտեզները: Այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է Մոսկվայում Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսին:
Պուտինի խոսքով՝ Մոսկվան և Մինսկը ստեղծում են «ընդհանուր մակրոտնտեսական քաղաքականություն»։ Ռուսաստանի նախագահը չի բացառել նաև միութենական խորհրդարանի ստեղծումը։ Սակայն երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ խոսք չկա ընդհանուր արժույթի մասին։ Լուկաշենկոն մանրամասնել է՝ չկա համաձայնություն ընդհանուր էմիսիոն կենտրոնի շուրջ, չկա դեռ համաձայնություն նաև Մինսկի համար թերևս ամենակարևոր հարցի՝ ընդհանուր էներգետիկ շուկայի շուրջ։
Ասուլիսին Պուտինը հայտարարել է, թե եկող տարի գազի գինը Բելառուսի համար կմնա նույնը, իսկ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը կողմերը կպայմանավորվեն ընդհանուր էներգետիկ շուկայի շուրջ:
Միևնույն ժամանակ համատեղ մամուլի ասուլիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ արդեն երկար ժամանակ է՝ Մոսկվան և Մինսկը չեն քննարկում քաղաքական ինտեգրացիան, քանի որ այս հարցի շուրջ կողմներն ունեն անհաղթահարելի հակասություններ:
Պուտին-Լուկաշենկո երեկվա հանդիպման գնահատականները տարբեր են։ Իշխանամետ ռուս քաղաքագետները ասում են՝ սա լուրջ առաջխաղացում էր Ռուսաստան-Բելառուս համապարփակ ինտեգրացիայի հարցում, անկախ քաղաքագետները շեշտում են՝ Լուկաշենկո-Կրեմլ հարաբերություններում երեկվա հանդիպումից հետո գրեթե ոչինչ չի փոխվել։ Քաղաքակիրթ աշխարհից մեկուսացված Լուկաշենկոն շարունակելու է Կրեմլից պահանջել նոր վարկեր և գազի ռուսական ներքին գին Բելառուսի համար, իսկ Կրեմլը շարունակելու է դրա դիմաց պահանջել նոր քայլեր դեպի իրական միութենական պետություն։
Հավելենք՝ ռուս-բելառուսական այս արդեն քսան տարուց ավելի տևող գործընթացին զուգահեռ Բելառուսում պատրաստվում են ընդունել նոր Սահմանադրություն, որտեղ ընդգծված է լինելու այդ երկրի ինքնիշխանությունը։
Այսօր պաշտոնական Մոսկվան հրապարակավ ասում է՝ «մենք քաղաքական ինտեգրացիայի դեռ չենք գնում, մինի խորհրդային միություն չենք ստեղծում»։
Ռուսաստան-Բելառուս ինտեգրումը երկու երկրների քաղաքական օրակարգ մտավ նոր թափով Ռուսաստանում 2018-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, սակայն առավել ակտիվացան քննարկումները անցած տարի օգոստոսին Բելառուսում կայացած ընտրություններից հետո։ Բելառուսում սկսվել էին զանգվածային բողոքի ակցիաներ, Արևմուտքը չէր ընդունել ընտրությունների պաշտոնական արդյունքները, Լուկաշենկոն նորից հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ։ Այն ժամանակ մեկ տարի առաջ Լուկաշենկոյին հաջողվեց պահպանել իշխանությունը մեծամասամբ Մոսկվայի ակտիվ աջակցության շնորհիվ, և ռուս քաղաքագետները սկսեցին խոսել այն մասին, որ ի պատասխան շնորհակալ Լուկաշենկոն արագորեն կգնա Ռուսաստան-Բելառուս ինտեգրմանը, ինչին շուրջ քսան տարի ընդդիմանում էր։
Վերլուծաբանների մեծ մասը, սակայն, համարում է, որ երեկվա բանակցությունները և այդ 28 ծրագրերի համաձայնեցումը շատ բան չեն փոխել երկու երկրների հարաբերություններում:
«Դաշնակիցների միջև լուրջ լարվածություն կլինի, քանի որ սկզբում մենք խոսում ենք հարկային, մաքսային և այլ համակարգերի միավորման մասին: Այնուհետև Մոսկվան, անշուշտ, կբարձրացնի միասնական արժույթի և վերազգային մարմինների հարցը, ինչպես դա նախատեսված էր 1999 թվականի մեծ պայմանագրում: Մյուս կողմից, Մինսկը կցանկանար ստանալ, առաջին հերթին, այն, ինչ կոչում է հավասար տնտեսական պայմաններ, եթե անկեղծ ասած, դա ավելի էժան նավթ է, ավելի էժան գազ: Մոսկվան պահանջում է ամբողջ համալիրը», - ասում է բելառուսցի փորձագետ Ալեքսանդր Կլասկովսկին և հավելում՝ Մոսկվան այսուհետ ևս կշարունակի ճնշումը խորամանկ Լուկաշենկոյի վրա 1999 թվականին ստորագրված միութենական պետության մասին պայմանագիրը դե ֆակտո իրագործելու համար և ամենարդյունավետ գործիքներից մեկ սրա համար՝ ընդհանուր էներգետիկ շուկայի մասին խոստումն է։