Մատչելիության հղումներ

Որևէ բան չի նախատեսվում ստորագրել, որևէ հայտարարության մասին խոսք այս պահին չկա. Հայկ Կոնջորյան


Ցանկացած տարածաշրջանային համագործակցության առաջարկ կամ ֆորմատ կարող ենք քննարկել նախ և առաջ ու բացառապես Հայաստանի պետական շահերի տեսանկյունից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Իշխող կուսակցության ներկայացուցիչը նաև նշեց, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ որևէ հստակ պայմանավորվածություն չկա:

Հարցազրույցից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». -Պարո՛ն Կոնջորյան, Երևանը միանշանակ գնահատական չի տվել «3+3» առաջարկվող ձևաչափին` կողմ է, թե դեմ, այնինչ ենթադրվող մասնակիցներից առնվազն 4-ը` Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, ասում են` լավ բան է, կմիանանք, դեմ է արտահայտվել միայն Վրաստանը:

Հայկ Կոնջորյան. - Ցանկացած տարածաշրջանային համագործակցության առաջարկ կամ ֆորմատ մենք կարող ենք քննարկել բացառապես և նախ և առաջ Հայաստանի Հանրապետության պետական շահերի տեսանկյունից: Դեռ շատ վաղ է խոսել Ձեր կողմից մատնանշված հարցերի վերաբերյալ, և երբ որ կլինի որոշակիություն այս մասով, ապա, բնականաբար, կհնչեն հայտարարություններ, և բոլորը դրա մասին տեղյակ կլինեն:

«Ազատություն». - Կարծես, այդքան էլ վաղ չէ, ինչպես ասում են` օղակը սեղմվում է. երեկ Մոսկվան հայտարարել է, որ ժամանակն է այս ձևաչափը տեղափոխել արդեն բանավորից գործնական հարթություն: Մարիա Զախարովան ասում էր, որ այն կարող է լուծել տարածաշրջանի կոնֆլիկտները, մարտրահրավերներին դիմակայել:

Հայկ Կոնջորյան. - Նորից եմ կրկնում, որ մենք ցանկացած հարց և առաջարկ քննարկելու ենք նախ և առաջ մեր շահերի տիրույթում և այս տեսանկյունից նաև, և ընդհանրապես հարկ է նորից շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն մանդատ ունեցող ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և եռանախագահների նաև վերջին շրջանի հայտարարությունները ևս այդ մասով մեծ հույսեր են ներշնչում, որ ըստ էության, մենք կկարողանանք լիարժեք վերականգնել ԵԱՀԿ եռանախագահության բանակցային ֆորմատը, որպեսզի ի վերջո ունենանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական լուծում, որովհետև եռանախագահող երկրները ևս, ըստ էության, կիսում են Հայաստանի այն կարծիքը, որ կոնֆլիկտը լուծված չէ, և բնականաբար, բանակցությունների վերսկսումը եռանախագահության ֆորմատում կարող է այս տեսանկյունից դրական լինել:

«Ազատություն». - Նոյեմբերի 8-9-ը սարերի հետևում չեն, որպես իշխանական խմբակցության ղեկավար` Դուք ունե՞ք եռակողմ հանդիպման վերաբերյալ սպասվող որևէ տեղեկություն:

Հայկ Կոնջորյան. - Եթե լինի եռակողմ հանդիպման վերաբերյալ որևէ առարկայական պայմանավորվածություն, ապա բնականաբար, բոլորը կիմանան: Այս պահի դրությամբ նման կոնկրետ որևէ փաստ չկա:

«Ազատություն». - Բայց այնուամենայնիվ, երբ Հայաստանն ասում է, որ հնարավոր է ինչ-որ հայտարարություն ընդունել, հենց խորհրդարանում արտգործնախարարը չբացառեց, չի՞ նշանակում արդյոք, որ Երևանը գնում է զիջումների օրակարգով: Ալիևը խոսում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին, որ պիտի հաջորդի սահմանազատմանը, սահմանագծմանը:

Հայկ Կոնջորյան. - Մեր քաղաքական ընդդիմությունն անընդհատ փորձում է մանիպուլացնել հանրության վախերը, որովհետև երբ որ հնչում է ստորագրել հայտարարություն, մարդիկ հասկանալի է` նաև ինտուիտիվ վերադառնում են նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որովհետև պարզ է, որ պատերազմ էր, պատերազմից հետո բոլորը գտնվում էին այլ հոգեբանական իրավիճակում և այլն, և շատ ժամանակ ընդդիմությունը փորձում է «հայտարարություն ստորագրել», այս արտահայտություններն օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու և քաղաքականապես կապիտալիզացնելու համար:

«Ազատություն». -Արդարացի չէ՞ դա, էլի ժողովրդի թիկունքում քննարկվի, բայց...

Հայկ Կոնջորյան. - Ես օրինակներով խոսեմ. տեսեք` հունվարի 11-ի հայտարարությունը, որտեղ խոսվում է նաև ապաշրջափակման մասին: Մենք հասկանում ենք, որ երբ խոսում ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, տարածաշրջանում կայունություն հաստատելու մասին, ընդ որում մենք նաև այս թեմաների շուրջ մեր ժողովրդի հետ խոսել և զրուցել ենք, մանդատ ենք ստացել նաև այս տեսանկյունից, որ մենք մեր պետական շահերից բխող բոլոր այն գործողությունները, որոնք կբերեն մեր անվտանգության ապահովմանն ու խաղաղությանը, ապա մենք այդ քայլերին գնալու ենք:

Սա ինքնին ենթադրում է չէ՞, որ, ժամկետներ հիմա որևէ մեկս չենք կարող ասել, բայց ինչ-որ մի պատմական իրավիճակում, երբ որ մեզ հաջողվի ստեղծել այդ կայունությունը, դա նշանակում է, որ դա պիտի նաև իրավականորեն ամրագրվի, որպեսզի լինի հաստատում, այսինքն` որևէ պահի, երբ որ մեր պետական շահերը բավարարված լինեն, և մենք գտնենք, որ դա մեզ համար շահեկան է, նշանակում է` դա պետք է ամրագրել այս կամ այն կերպով` հայտարարությամբ կլինի կամ այլ համաձայնագրով կլինի և այլն:

Այն, ինչ որ ես հիմա ասում եմ, որևէ կոնկրետություն չունեն, բայց ուզում եմ նորից շեշտել, որ որևէ հայտարարության մասին, համենայն դեպս, այն կոնտեքստում, որը շահարկվում է, խոսք այս պահին չկա, որևէ բան չի նախատեսվում ստորագրել: Երբ որ նման բան լինի, բնականաբար հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG