Մատչելիության հղումներ

«Այս իշխանությունների հայտարարությունների նկատմամբ բացարձակ վստահություն չունենք»․ ՀԱԿ փոխնախագահ


Այս իշխանությունների հայտարարությունների նկատմամբ բացարձակ վստահություն չունենք, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, պատասխանելով հարցին, թե ինչ-որ բան թաքնվա՞ծ է Բաքվից և Երևանից հնչող հակասական հայտարարություններում։

Օրերս Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ավտոճանապարհի հիմնարկեքին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե այդ ճանապարհը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմելու: «Զանգելանը տեղակայված է արևելյան Զանգեզուրի շրջանում, և այստեղով անցնող միջանցքը միավորելու է ողջ թյուրքական աշխարհը», - ասաց Ալիևը: Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է՝ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը», նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։

Զուրաբյանն ասաց՝ չեն կարող իրենց դատողությունները կազմել գործող իշխանությունների հայտարարությունների հիման վրա՝ շեշտելով՝ վստահություն չկա։

«Մի օր իրենք մի բան են ասում, երկրորդ օրը լրիվ ուրիշ բան են ասում, որը հակասում է իրենց նախորդ ասածին։ Մենք շատ լավ գիտենք, որ շատ հաճախ էն ինչ-որ իրենք ասում են, ուղղակի այդ պահին հանգստացնելու համար է ասվում, մյուս օրը պարզվում է, որ ամեն ինչ շատ վատ է, հետո էլ անունը դրվում է՝ «դե հիմա դժգույն քաղաք էր, մենք դրանով մեկ ա չէինք զբաղվում»։ Այսինքն էս իշխանությունների հայտարարություններին որևէ վստահություն չկա», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Հոկտեմբերի վերջին հայկական մամուլը գրեց, թե նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, երկրորդը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է առնչվում։ Հայաստանյան իշխանությունները չեն մեկնաբանում, թե ինչ փաստաթուղթ են պատրաստվում ստորագրել։

Ռուսաստանի նախագահն էլ հայտարարեց, թե ամենակարևորը հիմա սահմանին իրավիճակը վերջնական կարգավորելն է՝ նշելով, որ այստեղ իհարկե առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ անել հնարվոր չէ։ «Այստեղ հավանաբար, մեզ որևէ մեկը պետք էլ չէ բացի երկու կողմերից և Ռուսաստանից: Ինչո՞ւ: Կան շատ պարզ պրագմատիկ բաներ՝ քարտեզները, դրանք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում»։

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Մոսկվան էլ, որ գլխավոր միջնորդ է, հստակ չի ասում, որ նոյեմբերի 9-ին հենց այդ հայտարարությունները ստորագրվելու են, բայց նաև չի բացառում։

«Այսինքն՝ էս ինֆորմացիոն հոսքից երևում է մի բան, որ բանակցություններն ըստ էության գնում են, բայց դեռ վերջնական համաձայնության չեն հասել։ Շատ հնարավոր է, որ իսկապես Ադրբեջանը և Թուրքիան պահանջում են ինչ-որ սուվերեն միջանցքի կառուցում, Հայաստանի տարածքի որոշակի օտարում, և շատ հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները դրան դեռ չեն համաձայնվում, ես չգիտեմ, բայց, իհարկե, շատ անհնգստացնող է, որովհետև այս իշխանությունների դատողության վրա մենք ընդհանրապես չենք կարող որևէ բան հենել», - հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը՝ շեշտելով՝ ամենակարևոր ռազմաքաղաքական և ռազմավարական հարցերում տեսել են, թե էդ դատողությունն ինչքան է կաղում, ինչ աղետաբեր սխալների են ընդունակ էս իշխանությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG