Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 330-ով՝ հասնելով 315004-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1270-ով և հասել 274 հազար 878-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 12 հազար 188 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 145 հազար 909-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 532-ի, ևս 1317 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 32 հազար 277 մարդ։
«Մենք լոքդաունների չենք գնալու»
Այսօր Կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ մահճակալային ֆոնդը այս պահին էլ գերլարված վիճակում է․ - «Մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց դեռ մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում, և մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին»։
Մահճակալային ֆոնդը, ըստ նախարարի, արդեն անցել է 3 հազար 100-ից՝ «3 հազար 120-ին մոտ է»։
Ավանեսյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ իրականացվել է արդեն 852 հազար 355 պատվաստում, առաջին դեղաչափը ստացել է 588 հազար 562 քաղաքացի՝ մեծահասակ բնակչության 29,4 տոկոսը, և երկրորդ դեղաչափը՝ 263 հազար 793 քաղաքացի՝ 13 տոկոսը։ Նա հիշեցրեց կատարված փոփոխության մասին, ըստ որի՝ 12 տարեկանից բարձր երեխաները ևս հնարավորություն ստացան պատվաստվելու, և հայտնեց, որ մոտ 50 երեխա արդեն պատվաստվել է։
Նախարարը նորից ընդգծեց, որ հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստվածների թիվը շարունակում է մնալ շատ ցածր՝ «այս պահին 3 հազարից ավել հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն են, որ պատվաստված են»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պատվաստված պետք է համարել այն քաղաքացիներին, ովքեր երկու դեղափաչ ներարկումը ստացել են, «և հետևաբար մեր պատվաստված քաղաքացիների թիվը 263 հազար է»։
«Կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է, ուրիշ տարբերակ ուղղակի չկա, սիրելի հայրենակիցներ։ Տեսեք, այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է»։, - ասաց Փաշինյանը՝ շեշտելով․ - «Բայց ի վերջո, մենք նոր չենք ասել, մենք շատ վաղուց ենք ասել և ասում ենք, որ դրանից խուսափելու միայն, միայն, միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվելը։ Մենք լոքդաունների չենք գնալու՝ ես ուզում եմ սա մենք հստակ արձանագրենք»։
Արցախում՝ կորոնավիրուսի 88 նոր դեպք, մահացել է ևս 2 մարդ
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 207 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք: 63-ամյա կնոջ մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, երկրորդ տիպի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն, 81-ամյա տղամարդու մոտ՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, գլխուղղեղի գլոբալ իշեմիա, գլխուղեղի հիպոկսիկ ախտահարում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17 հազար 550 քաղաքացու հետազոտություն, որից 2 հազար 361-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։