Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1071-ով, բուժվածներինը՝ 1641-ով, գրանցվել է մահվան ևս 51 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1071-ով՝ հասնելով 309 հազար 397-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 51 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1641-ով և հասել 270 հազար 741-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 12 հազար 835 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 110 հազար 256-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 379-ի, ևս 1299 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 978 մարդ։

Արցախում՝ կորոնավիրուսի 68 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 180 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:

Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան ևս 3 դեպք։ 72-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն, 74-ամյա տղամարդու մոտ՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի 85 տոկոս ախտահարմամբ, ևս մեկ 72-ամյա տղամարդու մոտ՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16 հազար 935 քաղաքացու հետազոտություն, որից 2 հազար 108-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG