Մատչելիության հղումներ

Երևանը շահագրգռված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնելու հարցում. ՏԱՍՍ


Հայաստանը շահագրգռված է ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգման հարցում՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմից։

«Ցավոք սրտի, այս պահին անվտանգության առումով իրավիճակը բավականաչափ կայուն չէ, վերջերս մենք ականատես եղանք հրադադարի ռեժիմի խախտումների, որոնց հետևանքով հայ խաղաղ բնակիչ է զոհվել, ունենք նաև վիրավորներ, հետևաբար՝ Ռուսաստանի գործոնը. Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբը կարևոր և նշանակալից կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը չի գտնվել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է Հայաստանի Անվտանգության խորհուրդը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը ավտոմատ կերպով երկարաձգվում է ևս 5 տարով, եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ այլ քայլեր չձեռնարկի։ Հայաստանը մտադիր է պահպանել իրավիճակը, որը ձևավորվել է եռակողմ հայտարարության այս դրույթի հիման վրա, քանի դեռ չի գտնվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծում»,- նշել է Անվտանգության խորհուրդը։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էլ սեպտեմբերին BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել էր, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր:

«Ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», - ասել է նա, հավելելով` ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում` նոյեմբերի եռակողմ հայտարարությանը համապատասխան:

Մոտ մեկ տարի է`նոյեմբերից ի վեր, հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են միայն եռակողմ հայտարարության համաձայն: Ըստ այդմ, նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG